«Դաշնակցականությունը պետք է արմատախիլ արվի հայ քաղաքական մտքից: Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»,- այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ՔՊ-ական Արման Եղոյանը՝ պնդելով, թե դա ֆունդամենտալ անհրաժեշտություն է Հայաստանի հարատևման, անկախության և ինքնիշխանության համար:
Ի պատասխան՝ դաշնակցական պատգամավորները իշխող ուժի պատգամավորին համեմատեցին երիտթուրքերի հետ:
«Ոնց որ թուրքերն էին ասում՝ պետք է մնա մի հայ, այն էլ թանգարանում, նենց էլ դուք եք ասում, որ պետք է մնա մի դաշնակցական», - նշեց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Դաշնակցական Քրիստինե Վարդանյանն էլ Արման Եղոյանին համեմատեց երիտբոլշևիկի հետ:
«Դուք ունեցաք բառացիորեն ֆաշիստական ելույթ, այո, ինչպես թուրքերն էին ուզում աշխարհում թողնել մի հայ, դուք բառացի նույնը կրկնեցիք: Բայց ինչպես թուրքերը իրենց ծրագրում չեն հաջողել, նույնը չեք հաջողելու դուք: Դուք երիտբոլշևիկներ եք, դուք ունեք նույն թիրախները, ինչ երիտթուրքերը և նույն գործիքակազմը, ինչ որ ունի բոլշևիկյան մտածողությունը», - իշխող պատգամավորին հակադարձեց դաշնակցական պատգամավորը:
Թեժացող իրադրությունը փորձեց հանդարտեցնել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Ընդունելով, որ ՔՊ-ական Արման Եղոյանի ելույթը «ագրեսիվ էր»: Ռուբինյանը նաև փորձեց վերախմբագրել կուսակցի վիճահարույց այն պնդումը, թե «Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը»:
Ռուբինյանի խոսքով՝ Արման Եղոյանը կարող էր ասել, որ Վարդանյանը պետք է լինի այն վերջին կամ առաջին դաշնակցականը, որը կընդունի «իրական Հայաստանի հայեցակարգը և հրաժեշտ կտա վնասակար դաշնակցական գաղափարներին»:
Իշխող ՔՊ-ի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների միջև սուր վեճի պատճառը Կառավարության անդամների երդման տեքստի փոփոխության նախագիծն էր։
Արդարադատության նախարարությունը առաջարկել է մասնավորապես երդվել ոչ թե «հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման», ինչպես նշվում էր գործող օրենքում, այլ երդվել «հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման»:
Այսինքն «հայրենք» և «համազգային նպատականեր» ձևակերպումները ընդհանրապես հանվել են, «հայրենիք» բառը փոխարինվել է «Հայաստանի Հանրապետություն»-ով:
Ընդդիմադիրները պնդում էին, որ իշխող ՔՊ-ն խնդիր ունի «հայրենիք», «համազգային նպատակ» բառերի հետ:
ՔՊ-ից էլ հակադարձում են՝ հայրենիքը հենց Հայաստանի Հանրապետությունն է: