Սյունիք ներթափանցած ադրբեջանցի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվեց: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
Հայաստանում ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել էր զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու, հրազենի ապօրինի շրջանառության և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով: Այսօր ավելացավ նաև սահմանը ապօրինի հատելու ու զենքի մաքսանենգության հոդվածը:
Ադրբեջանցի զինվորը երեկ ներթափանցել էր Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկը, կրակել տանտիրուհուն, հայտնել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Դեպքը տեղի էր ունեցել կնոջ երկու երեխաների ներկայությամբ:
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» պատմել է, որ զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:
Նասիմ Մուսաևը, ըստ Բաքվի, Լաչինի զորամասը ինքնակամ լքել է սեպտեմբերի 26-ին: Երևանի ու Բաքվի պաշտոնական պարզաբանումներից պարզ չի դառնում, թե կոնկրետ երբ է զինծառայողը հատել Հայաստանի սահմանը ու քանի օր է շրջել Սյունիքում՝ նախքան երեկ ձերբակալվելը: