Շաքիում հրազենային վիրավորում ստացած կինը վիրահատության կարիք ունի

«Ազատության» տեղեկություններով՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վիրավորում ստացած կինը վիրահատության կարիք ունի: Նա ազդրի հատվածում է վնասվածք ստացել: «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է:

Երեկ հայտնի դարձավ, որ վնասվածքներ ունեն նաև կնոջ 2 անչափահաս՝ 15 և 12 տարեկան երեխաները: Երեխաներից մեկի կոտրված դաստակին գիպս է դրվել, մյուսին հոգեբանական աջակցություն ցուցաբերվել:

Ավելի վաղ առողջապահության նախարարն էր հայտնել, որ կինը ստանում է «ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն»:

Երեկ ադրբեջանցի զինծառայողը մտել էր Շաքի գյուղ և կրակել տեղի բնակչուհու ոտքին՝ նրա երեք երեխաների ներկայությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանցի զինվորը մտել է Սյունիքի Շաքի գյուղ, կրակել տեղացի կնոջ ոտքին, նրա երեխաները ևս վնասվածքներ են ստացել

Ավելի ուշ ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել և ձերբակալվել էր։ ԱԱԾ-ի փոխանցմամբ՝ Բաքուն սեպտեմբերի 29-ին հայկական կողմին տեղեկացրել էր, որ զինծառայողը լքել է զորամասը և հնարավոր է՝ հատած լինի Հայաստանի սահմանը։ Զինծառայողը, ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության, Լաչինի զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին: