Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանը ապօրինի հատելու հոդված առաջադրված չէ

Շաքի գյուղը

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կողմից տեղացի կնոջ ոտքին կրակելու դեպքով քրեական վարույթ է հարուցվել զենքով առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն կրելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու հոդվածներով, «Ազատությանը» հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազությունից:

Թեև, ըստ Բաքվի, զինծառայողը ինքնակամ լքել է Լաչինի իր զորամասն ու անցել Հայաստան, սահմանը ապօրինի խախտելու հոդված փաստացի այս պահին առաջադրված չէ:

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտնեց, որ ադրբեջանցի զինծառայողը մտել է Սյունիքի մարզի Շաքի գյուղի տներից մեկն ու կրակել տանտիրուհու ոտքին: Դատախազությունը հայտնում է, որ միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել նաև կնոջ երկու երեխաները: Ադրբեջանցի զինծառայողին ձերբակալել են:

39-ամյա կնոջը Սիսիանի բժշկական կենտրոնում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց: