Հայաստան ներթափանցած ադրբեջանցի զինվորը Լաչինի զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին

Ադրբեջանի գլխավոր դատախազության շենքը

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Հայաստանի տարածքում ձերբակալված ադրբեջանցի զինծառայող Նասիմ Մուսաևը Լաչինի իր զորամասից անհետացել է սեպտեմբերի 26-ին:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Սյունիքի Շաքի գյուղում այսօր տեղացի կնոջ ոտքին կրակած, ապա վնասազերծված ադրբեջանցի զինվորի անհետացման հարցով Բաքուն հայկական կողմին դիմել է սեպտեմբերի 29-ին: Արդյոք Նասիմ Մուսաևը հենց սեպտեմբերի 26-ի՞ն է ներթափանցել Հայաստանի տարածք, այսինքն 5 օր շարունակ այստեղ է գտնվել, կողմերի հաղորդագրություններից պարզ չի դառնում:

Ադրբեջանական պետական կառույցներն ու լրատվամիջոցները զինծառայողի մասին տեղեկություններ հայտնեցին միայն Շաքիում տեղի ունեցած միջադեպից հետո: Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել զինծառայողի անհետացման փաստով:

«Տեղի ունեցածի հանգամանքները քննելու նպատակով Ռազմական դատախազությունն անցկացրել է համապատասխան ստուգում, որի արդյունքներով հաստատվել են հիմնավոր կասկածները՝ Մուսաևի կողմից զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ», - հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ հավելելով. - «Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նասիմի Մուսաևը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և ձերբակալվել է այդ երկրի համապատասխան մարմինների կողմից»։

Բաքվի հաղորդմամբ՝ ներկայումս Ադրբեջանի համապատասխան պետական կառույցները «շարունակում են անհրաժեշտ շփումները հակառակ կողմի համապատասխան կառույցների հետ՝ Հայաստանի տարածքում Նասիմի Մուսաևի գտնվելու, նրան ձերբակալելու հանգամանքները, ինչպես նաև տեղի ունեցածի այլ մանրամասներ պարզելու նպատակով»: