Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իններորդ գումարման Պետական Դումայի առաջին լիագումար նիստում հայտարարեց՝ «մեր ժողովրդին ոչ ոք չի կարող կոտրել կամ վախեցնել»:
«[Ընտրություններին] Բարձր մասնակցությունը և քարոզարշավի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին մեր բազմակուսակցական քաղաքական համակարգի ուժը և մեր ժողովրդի միասնությունը պատմական մարտահրավերների առջև», - Риа Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Պուտինը հանձնարարել է պատգամավորներին առաջնահերթություն տալ ազգային նշանակության հարցերին, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը, անել ամեն ինչ հաղթանակն ապահովելու համար, ինչպես նաև աջակցել հայրենիքի պաշտպաններին և նրանց ընտանիքներին։
Նա կոչ է արել խորհրդարանականներին ավելի համարձակորեն վերացնել բիզնեսի համար առկա վարչական խոչընդոտները, ինչպես նաև նոր թափ հաղորդել ներդրումային նոր ցիկլին։ Պուտինն ընդգծել է, որ արագ տեխնոլոգիական զարգացման դարաշրջանում երկիրը պետք է լինի նման փոփոխությունների առաջնագծում։
«Ռուսաստանը՝ ինչպես որոշ ուրիշներ, չի կարող ամոթալիորեն վազվզել աշխարհով՝ ողորմություն խնդրելով։ Նախ, որովհետև դա ամոթալի է։ Երկրորդ, ոչ ոք մեզ չի տա։ Եվ երրորդ, և ամենակարևորը՝ մեզ դա պետք չէ», - նշել է նա։
Սեպտեմբերի 18-20-ը անցկացված ընտրությունների արդյունքներով՝ նոր Պետդումայում իշխող «Եդինայա Ռոսիա» («Միասնական Ռուսաստան») կուսակցությունը ստացել է 349, Ռուսաստանի կոմկուսը՝ 37, Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 23, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 19, «Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցությունը՝ 17 մանդատ: Բացի այդ, միամանդատ ընտրատարածքներից ընտրվել են «Ռոդինա» («Հայրենիք») կուսակցության մեկ ներկայացուցիչ և չորս ինքնառաջադրվածներ: