Հայաստանը 250 մլն եվրոյի նոր վարկ է վերցնում

Հայաստանի կառավարությունը մտադիր է 250 միլիոն եվրոյի վարկային գիծ ստանալ Զարգացման ֆրանսիական գործակալությունից․ որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 1-ի նիստի օրակարգում։ Այս վարկի տրամադրումը Հայաստանին ֆինանսավորվելու է նաև Ասիական զարգացման բանկի կողմից։

Վարկային ծրագրի նպատակներն են որակյալ և կայուն պետական ծախսերի ու ներդրումների իրականացումը, արտաքին ֆինանսավորումից Հայաստանի կախվածության նվազեցումը։ Վարկային միջոցներն ուղղվելու են 2026 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը։ Ըստ ֆինանսների նախարարության հիմնավորման՝ «վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։ Կառավարությունը այս տարվա բյուջեի նախագծով նախատեսել էր բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար 1.6 մլրդի վարկեր ներգրավել։ Կառավարությունը 320 մլն դոլարի վարկ վերցնելու որոշում կայացրեց օգոստոսի սկզբին. վարկատուն Ասիական զարգացման ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկերն էին։ Եւս 80 մլն եվրո կառավարությունը վարկ վերցրեց OPEC-ից այս ամսվա սկզբին. այս վարկի նպատակը բյուջեի պակասուրդը ծածկելն էր։

Կառավարությունը դեռ պետք է որոշի՝ ֆիքսված թե լողացող տոկոսադրույքով է իրականացնելու վարկի մարումը, լողացող տոկոսադրույքին համաձայնելու դեպքում այն կկազմի տարեկան 5.1 տոկոս։ Վարկի ժամկետը 20 տարի է, որից 5 տարին արտոնյալ ժամանակահատվածն է։

Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը ավելի քան 13.9 մլրդ դոլար է, որից մոտ 6.8 միլիարդ դոլարն արտաքին պարտք է, մնացածը՝ ներքին պարտք՝ ներգրաված տեղական ֆինանսական կառույցներից, կենսաթոշակային ֆոնդերից։