Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի 6-րդ տարելիցին, Առաջին ալիքով Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները:
Խորհուրդն արձանագրել է, որ համերգի ցուցադրությունը հանրության շրջանում «արդարացի դժգոհության, քննադատության ու վրդովմունքի» պատճառ է դարձել։
«Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի կատարվածի հանգամանքները և իր լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառի պատասխանատուների նկատմամբ՝ հետայսու բացառելու հանրության համար գերզգայուն թեմաների հանդեպ պատասխանատվության բացակայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թե ինչ միջոցներ են կիրառելու, Հանրայինի աշխատանքը վերահսկող խորհուրդը չի պարզաբանել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Աղ լցրեցին ցավի վրա». Հանրայինի համերգն ու հանրային արձագանքըՍեպտեմբերի 27-ին, երբ պատերազմի զոհերի հարազատներն ու բազմաթիվ քաղաքացիներ Եռաբլուր էին գնում՝ սգալու զինվորների հիշատակը, Առաջին ալիքով մոտ երկու ժամ տոնական համերգի հեռարձակումը մեծ զայրույթ էր առաջացրել համացանցում։ Նույն օրը Թաթա Սիմոնյանը կատարվածն անվանել էր «արդարացում չունեցող կոպիտ սխալ»՝ նշելով, որ համերգը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։ Բայց նույնիսկ երգչի ներողությունից հետո՝ կեսգիշերն անց Հանրայինը կրկնել էր համերգի ցուցադրությունը:
Հաջորդ օրը Հանրային հեռուստաընկերությունը ընդունել էր սխալը և ներողություն խնդրել։ Թե պատերազմի տարելիցին համերգ հեռարձակելն ո՞ւմ սխալն էր, և ովքե՞ր են պատասխանատվություն կրելու դրա համար, տարածված պարզաբանման մեջ խոսք չկար:
Պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմում հայկական կողմը 3833 զոհ է տվել: Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» որոշմամբ՝ Հայաստանում սգո օր է համարվում հունվարի 27-ը, մի ամսաթիվ, որը ոչ մի պատերազմի հետ կապ չունի: Իսկ սեպտեմբերի 27-ին նրանք լռեցին՝ որևէ կերպ չանդրադառնալով աղետալի պատերազմի տարելիցին: