Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման սահմանափակումները։
«Ռոսսելխոզնադզոր»-ից հայտնել են, որ հայկական կողմից դեռ չեն ստացել հաստատում, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են։
«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», - հայտարարել են ռուսական վերահսկող մարմնից։
Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը դեռ մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ կառուցողական երկխոսություն է վարում։
Հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումները հատկապես ակտիվացան այս տարվա գարնանից։ Ապրիլից ռուսական վերահսկող մարմինները փուլ առ փուլ սահմանափակումներ մտցրեցին Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքների նկատմամբ՝ դրանք հիմնականում պատճառաբանելով տեխնիկական պահանջների խախտումներով և անվտանգության խնդիրներով։
Ձկնամթերքի դեպքում «Ռոսսելխոզնադզոր»-ը հունիսին դադարեցրեց Հայաստանի բոլոր արտադրողների մատակարարումները՝ պնդելով, որ ստուգումների ընթացքում համակարգային խախտումներ են հայտնաբերվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ՌԴ-ն դադարեցրել է Հայաստանի բոլոր ձկնամթերք արտադրող ձեռնարկությունների մատակարարումներըԿաթնամթերքի նկատմամբ սահմանափակումները հաջորդեցին ավելի ուշ։ Ռուսական կողմը հայտարարել էր, որ հայկական մի շարք ձեռնարկություններում կրկին հայտնաբերվել են արտադրանքի հետագծելիության, փաստաթղթավորման և արտադրական վերահսկողության հետ կապված խնդիրներ։