Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը՝ միջանկյալ միջոց կիրառելու մասին:
Պատգարակով դատարան բերվող Խաչատրյանը դիմել էր ՄԻԵԴ՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանի կառավարությանը՝ վերացնել իր կալանքը, դադարեցնել իրեն պատգարակով տեղափոխելու պրակտիան և թույլ տալ մեկնել Գերմանիա՝ վիրահատության: Կողմերի հետ կոմունիկացիայից հետո միջազգային դատարանը մերժել է նախկին «սուպերնախարարի» դիմումը:
ՄԻԵԴ-ում Խաչատրյանի շահերը ներկայացնող փաստաբան Արա Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում «տարօրինակ» որակեց որոշումը, պնդեց, թե դատարանը մերժել է իրենց դիմումը՝ չներկայացնելով պատճառաբանությունը:
Փաստաբանները պնդում են, որ ողնաշարի լուրջ խնդիրներով, պատգարակին գամված և պարանոցը կորսետով ֆիքսելու անհրաժեշտություն ունեցող Գագիկ Խաչատրյանին կալանավորելը և բանտում պահելը խոշտանգում է: Դատախազությունը, մինչդեռ, վստահեցնում է, որ նա ի վիճակի մասնակցել դատավարություններին, իսկ վարչապետ Փաշինյանը պնդում է, որ նախկին ազդեցիկ նախարարը պարզապես «սիմուլյանտ» է և փորձում է թաքնվել արդարադատությունից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը». Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասինԳագիկ Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին։ Նա մեղադրյալ է միանգամից մի քանի գործերով. կա մի գործ, որը քննվում է դեռևս 2019 թվականից՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու, փողերի լվացման հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հետ կապված։
Այս օգոստոսին հարուցվեց ևս մեկ գործ՝ արդեն փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու, խոշոր չափով կաշառք ստանալու հետ կապված, որի շրջանակներում էլ ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց։