Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում դեռ լուծման կարիք ունեն մի քանի հազար անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, ականազերծման շուրջ համագործակցության և Ադրբեջանում անազատության մեջ գտնվող հայերի վերադարձի հարցերը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում, իսկ Հայաստանը պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը նաև ականազերծման ուղղությամբ։
«Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին», - ասել է վարչապետը։
Միաժամանակ Փաշինյանը անդրադարձել է նաև վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմության ու մշակութային ժառանգության շուրջ հնչող փոխադարձ հայտարարություններին։ Պաշտոնական Բաքուն ակտիվորեն ալբանական է հռչակում Արցախի հայկական եկեղեցիները՝ պնդելով, թե հայերը կեղծել են դրանց ճարտարապետությունն ու յուրացրել:
«Մենք՝ նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը, ավելի քան բավարար արդյունքների ենք հասել, որոնք մեզ համար պիտի ավելի արժեքավոր լինեն, քան կոնֆլիկտային խոսույթների օգտագործումը՝ լինի դա պատմության, թե պատմամշակութային հուշարձանների կամ որևէ այլ բանի մասին», - ասել է Փաշինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Գրոհ» մի քանի կողմից. Ինչու է Բաքուն ժխտում ու ջնջում Արցախի հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունըՆա ընդգծել է, որ խաղաղության մասին հոգ տանելը և այն ինստիտուցիոնալացնելը պետք է լինի Երևանի ու Բաքվի համագործակցության հիմնական թեման։
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ խոշոր հարցը Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։
Վարչապետն անդրադարձել է նաև TRIPP նախագծին՝ հայտարարելով, որ դրա իրականացումը «պատմական նշանակություն» կունենա Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստանա Ադրբեջանի, իսկ դրա միջոցով՝ նաև Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Չինաստանի հետ։ Նախատեսվում է նաև վերականգնել Մեղրիի և Երասխի երկաթուղային հատվածները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
ԱՄՆ-ը փորձում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցման համաձայնագիրը վերածել ներդրումային հնարավորությանՌուսաստանի հետ հարաբերությունների մասին Փաշինյանն ասել է, որ դրանք «տրանսֆորմացիայի փուլում» են։
«Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա», - հայտարարել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Երևանն ու Անկարան «վճռականորեն առաջ են մղում» կարգավորման գործընթացը, իսկ Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես Հայաստանի համար «բացառիկ կարևորություն» ունեցող։