Թրամփի վարչակազմը երեկ Նյու Յորքում կազմակերպված հատուկ միջոցառմամբ փորձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական առաջընթացը վերածել տնտեսական և ենթակառուցվածքային նախագծի՝ մեկ հարկի տակ հավաքելով տարածաշրջանի բարձրաստիճան դիվանագետներին, ամերիկացի պաշտոնյաների և ավելի քան 40 ընկերությունների ղեկավարների՝ քննարկելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի հաջորդ քայլերը։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացված միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչներ։
Քննարկումների առանցքում TRIPP-ը 2025 թվականի օգոստոսին Սպիտակ տանը ձեռք բերված քաղաքական համաձայնությունից գործնական՝ իրականացման փուլ տեղափոխելն էր՝ ներառյալ ֆինանսավորումը, ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորումն ու ենթակառուցվածքների պլանավորումը։
Վաշինգտոնը TRIPP-ը պատկերացնում է որպես Հայաստանի հարավով անցնող բազմամոդալ միջանցք, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ միաժամանակ ձևավորելով արևելք-արևմուտք ավելի լայն կապ Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև։
Նախատեսվում է, որ Հայաստանի տարածքով անցնող՝ 43 կիլոմետրից փոքր-ինչ պակաս երկարությամբ հատվածը կներառի երկաթուղի, ավտոճանապարհներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և թվային կապուղիներ։ Սակայն ամերիկացի պաշտոնյաներն ընդգծել են, որ տեղում շինարարությունը դեռ չի սկսվել, և նախ անհրաժեշտ է ավարտել տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները։ Վարչակազմն ակնկալում է մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի սկիզբը սկսել նախագծում ներգրավվելիք ընկերությունների և ներդրումային հնարավորությունների որոնումը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը, սակայն, ընդգծել է՝ նախագիծը պարզապես տրանսպորտային կապ չէ, այլ՝ խաղաղության գործընթացի տնտեսական շարունակություն։ Սթիվ Ուիթքոֆը շեշտել է՝ գործընթացն առաջ է շարժվել, երբ Դոնալդ Թրամփն անձամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մղել է համաձայնության։
Ուիթքոֆ․ Թրամփը «ստիպեց», որ գործընթացն առաջ շարժվի
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասին՝ Ուիթքոֆը պնդել է՝ նրանք գիտակցում էին, որ խաղաղության համաձայնագիրն ավելի լավ այլընտրանք է տասնամյակներ շարունակվող հակամարտությանը։
«Ի տարբերություն բազմաթիվ այլ հակամարտությունների, որոնք տեսնում ենք աշխարհում, այստեղ մենք ունեինք համաձայնության հասնելու համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները», - ասել է Սպիտակ տան հատուկ բանագնացը՝ երկու ղեկավարներին բնութագրելով որպես «չափազանց պրագմատիկ և հասուն»։
Միաժամանակ, նա առանձնահատուկ ընդգծել է Թրամփի անձնական ներգրավվածությունը, պնդելով, որ այն եղել է գործընթացն առաջ տարած հիմնական գործոնը։
Ուիթքոֆի խոսքով՝ տարածաշրջան կատարած իր առաջին այցից հետո ինքն ու գործընկերները Թրամփին հաղորդել են Երևանի և Բաքվի միջև հաղորդակցության բացակայության մասին։ Թրամփի արձագանքը, նրա խոսքով, կարճ ու հստակ էր․ «Կարգավորեք դա»։
Բանագնացը նաև հիշել է Սպիտակ տանը կայացած հանդիպումը, որի ընթացքում Թրամփը միմյանց էր մոտեցրել Ալիևի և Փաշինյանի ձեռքերը և հորդորել շարունակել աշխատանքը խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ուիթքոֆն այդ պահը բնութագրել է որպես «հոգևոր» և «խորհրդանշական»՝ հավելելով, որ այն տասնամյակների թշնամանքից հետո կտրուկ փոփոխություն է խորհրդանշել։
Սակայն Նյու Յորքում հնչող հիմնական ուղերձը վերաբերում էր ոչ այնքան խաղաղության համաձայնագրի խորհրդանշական նշանակությանը, որքան այն հնարավորություններին, որոնք կարող են բացվել դրանից հետո։
Խաղաղության համաձայնագրից՝ առևտրային միջանցք
Ուիթքոֆի խոսքով՝ TRIPP-ի տնտեսական նշանակությունն ավելի ակնհայտ է դարձել, երբ պաշտոնյաներն ու ընկերությունները սկսել են ուսումնասիրել դրա հնարավոր դերը միջազգային մատակարարման շղթաներում։
Ամերիկացի մասնագետները TRIPP-ի տեղանքում, Սյունիք, 10-ը հուլիսի, 2026թ.
«Այժմ բոլորի ուշադրության կենտրոնում ապրանքների փոխադրումն ու դրանք շուկա հասցնելու արագությունն է», - ասել է նա՝ վկայակոչելով գնահատականներ, որոնց համաձայն այս երթուղին կարող է որոշ բեռնափոխադրումների տևողությունը կրճատել երկուսուկեսից երեք շաբաթով։
Նրա խոսքով՝ TRIPP-ը կարող է օգնել շրջանցել համաշխարհային առևտրում առկա «խոչընդոտները» և միմյանց կապել այն շուկաները, որոնք այժմ բաժանված են բարդ կամ անարդյունավետ տարանցիկ երթուղիներով։
«Ամբողջ աշխարհը նորից կկապվի», - ասել է Ուիթքոֆը։
Նա ընդունել է, որ նախագծի նշանակությունն ի սկզբանե պարզ չէր բոլոր ներգրավված կողմերի համար․ ըստ Սպիտակ տան բանագնացի՝ դրա ներուժն ավելի ակնհայտ է դարձել, երբ պաշտոնյաները սկսել են ուսումնասիրել նախագծի կապը Անդրկասպյան ավելի լայն առևտրային ուղու հետ։
Ուիթքոֆն ակնկալում է, որ նախագիծը «հսկայական ներդրումներ» կբերի՝ հատկապես Հայաստան, քանի որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև երկրի աշխարհագրական դիրքը գնալով ավելի մեծ առևտրային նշանակություն է ստանում։
Պետքարտուղարության տվյալներով՝ ինժեներական և տեխնիկատնտեսական հետազոտությունների շրջանակում այժմ ուսումնասիրվում է առաջարկվող երկաթուղու երթուղին՝ ներառյալ տեխնիկական, բնապահպանական և սոցիալական գործոնները։ Առանձին տեխնիկատնտեսական ուսումնասիրությամբ դիտարկվում է տրանսպորտային ուղիներին զուգահեռ էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ տեղակայելու հնարավորությունը։
Այս ուսումնասիրությունները պետք է հիմք ստեղծեն մասնավոր կապիտալ ներգրավելու համար։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ Նյու Յորքում առանձին ելույթ ունենալով, հայտարարել է, որ TRIPP-ի իրականացումը «ամբողջությամբ կբացի» տարածաշրջանային հաղորդակցությունների ներուժը և «նոր դարաշրջան կբացի» Հայաստանի ու նրա տնտեսության համար։
ԱՄՆ ներդրումներն ու Միջին միջանցքը
Միջոցառման ընթացքում ներկայացվել են նաև TRIPP-ի շուրջ ձևավորվող ֆինանսական մեխանիզմները։
Վաշինգտոնն ու Երևանը ստեղծում են TRIPP Development Company-ն, որը վերահսկելու է ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը։ Միաժամանակ ԱՄՆ-ն աջակցում է առանձին Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծմանը, որի նպատակն է մասնավոր ներդրումներ ներգրավել Անդրկասպյան ավելի լայն առևտրային ուղու երկայնքով իրականացվող նախագծերում։
Հիմնադրամը և TRIPP Development Company-ն առանձին կառույցներ են։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ երկաթուղու, ճանապարհների, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և տվյալների փոխանցման ենթակառուցվածքների նախագծերը ենթարկվելու են առևտրային գնահատման և, համապատասխան դեպքերում, իրականացվելու են մրցութային ընթացակարգերի կամ կոնցեսիաների միջոցով։
«TRIPP-ի առաջմղումը և Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամի մասին հայտարարությունը՝ տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյաների ու ամերիկյան խոշոր ընկերությունների ներկայությամբ, հստակ ազդակ են, որ Ամերիկան լուրջ է տրամադրված գործարար առումով», -«Ազատությանն» ասել է Atlantic Council-ի Եվրասիայի կենտրոնի փոխտնօրեն Էնդրյու Դ'Անիերին։
Նրա խոսքով, ձեռնարկատիրական հիմնադրամը կարող է համեմատաբար արագ մեխանիզմ դառնալ ամերիկյան կապիտալ ներգրավելու համար՝ հիմնվելով ԱՄՆ աջակցությամբ նախկինում ստեղծված նմանատիպ հիմնադրամների փորձի վրա։
Միաժամանակ նա զգուշացրել է, որ բուն TRIPP-ի իրականացումն ավելի դանդաղ կընթանա։
«TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի՝ հաշվի առնելով նախագծի տեխնիկական բարդությունն ու աշխարհաքաղաքական զգայունությունը»,- ասել է Դ'Անիերին։
Այս տարբերությունն առանցքային է հաջորդ փուլի համար։ Քաղաքական համաձայնությունն արդեն ձեռք է բերվել, սակայն շինարարությունը պահանջում է ինժեներական ուսումնասիրություններ, կարգավորող որոշումներ, ֆինանսավորում և մրցույթներ, որից հետո միայն կսկսվի այն գործընթացը, որը պաշտոնյաները տեխնիկապես բարդ շինարարություն են բնութագրում։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ միայն երկաթուղու կառուցումը շինարարության մեկնարկից հետո առնվազն 18 ամիս կպահանջի։
Մարտահրավեր գործող տարածաշրջանային երթուղիներին
Նախագիծն ունի նաև ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն։
Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի (Foundation for Defense of Democracies) Տնտեսական և ֆինանսական ուժի կենտրոնի հետազոտող վերլուծաբան Անժելա Հովարդը «Ազատությանը» ասել է, որ Վաշինգտոնի ներդրումային նախաձեռնությունը կարող է առևտրային նոր կապեր ստեղծել՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից վերահսկվող կամ նրա ազդեցության տակ գտնվող ենթակառուցվածքներից։
«Վաշինգտոնն ընդլայնում է առևտրային հնարավորությունները դեռևս ոչ լիարժեք օգտագործվող շուկաների հետ, առևտրային կամուրջ է ստեղծում միմյանց մրցակից պետությունների միջև և ձևավորում արևմտյան ենթակառուցվածքներ, որոնք մրցակցելու են Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ներկայիս ուղիների հետ»,- ասել է Հովարդը։
Նրա խոսքով, Ռուսաստանի վերահսկողությունից դուրս գտնվող ենթակառուցվածքները կարևոր կլինեն արևմտյան ավելի լայն ներդրումներ ներգրավելու համար։ Նա նաև մատնանշել է Հայաստանում ռուսական կապեր ունեցող գործող ենթակառուցվածքների դերը։
Հովարդը ԱՄՆ նախաձեռնությունը բնութագրել է որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում տնտեսական ու ռազմավարական ազդեցության համար ավելի լայն մրցակցության մաս։
«Կովկասում ԱՄՆ ներդրումները Ամերիկային հենակետ են տալիս դեպի Կենտրոնական Ասիա տանող դարպասներում», - ասել է նա։
Միաժամանակ Հովարդը զգուշացրել է, որ Վաշինգտոնին անհրաժեշտ կլինեն կոռուպցիայից և արտաքին ազդեցությունից պաշտպանող մեխանիզմներ։
«Առաջ շարժվելիս վճռորոշ նշանակություն կունենան հստակ պաշտպանիչ մեխանիզմներն ու համապարփակ վերահսկողությունը», - ասել է նա։
Անդրկասպյան ավելի լայն երթուղին՝ Միջին միջանցքը, վերջին տարիներին ուշադրություն է գրավել որպես Արևելք-Արևմուտք առևտրային ճանապարհ, որը Չինաստանն ու Կենտրոնական Ասիան կապում է Կովկասի և Եվրոպայի հետ։ Վաշինգտոնի տեսանկյունից TRIPP-ը կարող է լրացուցիչ օղակ դառնալ այդ ցանցում՝ միաժամանակ մեծացնելով ամերիկյան բիզնեսի ներգրավվածությունը մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Թուրքիան երկար ժամանակ զգալի շահեր են ունեցել։
Սենատոր Դեյնսը, որն ակտիվորեն հանդես է եկել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածության օգտին, ասել է, որ Վաշինգտոնը պետք է պահպանի այդ ներգրավվածությունը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանն այլևս չպետք է դիտարկել հիմնականում հակամարտությունների տեսանկյունից, այլև՝ առևտրի, ներդրումների և հաղորդակցությունների զարգացման ներուժի։
«Դիվանագիտության ամենակարևոր արժույթը վստահությունն է», - ասել է Դեյնսը՝ խոսելով տարածաշրջանի ղեկավարների հետ ԱՄՆ շարունակական շփումների արդյունքում ձևավորված հարաբերությունների մասին։
Հետևաբար, միջոցառման հիմնական ուղերձը ոչ այնքան պատրաստի միջանցքի մասին հայտարարելն էր, որքան դրա ստեղծման համար անհրաժեշտ մեխանիզմների ձևավորումը։
Ամերիկացի պաշտոնյաներն ընդունել են, որ Հայաստանի տարածքով նախատեսվող հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության։ Ակնկալվում է, որ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները կավարտվեն 2026 թվականի վերջին կամ 2027-ի սկզբին, որից հետո ընկերությունները կկարողանան մրցել պայմանագրերի համար։ Էներգետիկ կապերը կարող են ավելի շուտ գործարկվել․ պաշտոնյաների խոսքով՝ էլեկտրաէներգետիկ կապերը կարող են սկսել գործել արդեն 2027 թվականին։
Նախագծի շրջանակը նաև ընդգծում է, որ TRIPP-ը գործելու է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։ Սա կարևոր տարբերակում է՝ հաշվի առնելով առաջարկվող երթուղու շուրջ օգտագործվող հակասական եզրույթներն ու քաղաքական զգայունությունը։
Թրամփի վարչակազմի համար նախագիծն այժմ յուրատեսակ փորձություն է՝ պարզելու, թե արդյոք Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ստեղծած քաղաքական թափը հնարավոր կլինի վերածել առևտրային ենթակառուցվածքների։
Նյու Յորքում Ուիթքոֆի հիմնական ուղերձն այն էր, որ նախագծի հնարավոր օգուտները կարող են երկու երկրներից անդին հասնել՝ ստեղծելով Արևելք-Արևմուտք նոր տրանսպորտային զարկերակ, ապրանքների ավելի արագ տեղաշարժ, Կենտրոնական Ասիայի շուկաների ավելի մեծ հասանելիություն և ամերիկյան ընկերությունների ավելի մեծ դեր Եվրասիայի՝ ռազմավարական կարևորություն ունեցող այս հատվածում։
Սակայն հաջորդ փուլի առաջընթացը չափվելու է ոչ այնքան դիվանագիտական հայտարարություններով, որքան տեխնիկատնտեսական ուսումնասիրություններով, ներդրումային պարտավորություններով և, ի վերջո, շինարարությամբ։
Ինչպես ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է ձևակերպել՝ «Մենք դեռ այդ փուլում չենք»։