Եկատերինբուրգի մարզային դատարանը Տյումենի բնակիչ Միխայիլ Անտոնովիչին 8 տարվա ազատազրկման է դատապարտել «ահաբեկչության ֆինանսավորման» հոդվածով, հաղորդում է «Մեդիազոնա» պարբերականը:
Դատավճռի առիթ են դարձել «աստղերը», որոնցով Անտոնովիչն արձագանքել է «НЕВЗОРОВ», «BEREZOVIEW (Taras Berezovets) WAR IN UKRAINE», «Накипело. Майкл Наки», «Sasha Shpak Official» տելեգրամյան ալիքներում:
«Աստղը» Տելեգրամում վճարովի արձագանք է, որն ընթերցողին թույլ է տալիս նյութապես աջակցել իր հավանած ալիքին: Այն արժե 1.5-2 ռուբլի: Անտոնովիչը հիշյալ ալիքներում ընդհանուր 292 ռուբլի 99 կոպեկի (մոտ 3.5 դոլարի) «աստղեր» է դրել:
Բոլոր թվարկված ալիքները լուսաբանում են քաղաքական թեմաներ, այդ թվում՝ պատերազմը Ուկրաինայում: Մեղադրողը համարել է, որ այդ ալիքները «ահաբեկչության քարոզչություն են վարում և ահաբեկչական կազմակերպություններին մեդիա աջակցություն են ցուցաբերում»:
Բացի այդ, ըստ մեղադրանքի, Անտոնովիչը Մայքլ Նակիին տրամադրել է «տեղեկություններ կապի աշխատանքի մասին, որոնք կարող են օգտագործվել ի վնաս ՌԴ անվտանգության». անցած տարվա վերջին տյումենցին Նակիի հրապարակման տակ մեկնաբանություն է գրել, որ իր քաղաքում ինտերնետն առավոտից չի աշխատել: Ընդ որում՝ Տյումենում ինտերնետի խափանումները սկսվել էին դեռ 2025-ի ամռանը և լուսաբանվել են տեղական լրատվամիջոցների կողմից:
Այս տարվա հունվարին «Ռոսֆինմոնիտորինգ» գործակալությունն ընդգրկել է Անտոնովիչին «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցուցակում: «Մեմորիալ» իրավապաշտպան կազմակերպությունը նրան որպես քաղբանտարկյալ է ճանաչում: