ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը

Ամերիկացի պաշտոնյաները այսօր Նյու Յորքում կբացահայտեն՝ որոնք են լինելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման հաջորդ քայլերը։ Հայաստանի հարավով անցնող տրանսպորտային և ենթակառուցվածքային այս ծրագիրը, Վաշինգտոնի գնահատմամբ, կարող է առևտրային նոր ուղիներ բացել Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և արևմտյան շուկաների միջև։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաները երեկ ուշ երեկոյան լրագրողներին հայտնել են, որ միջոցառումը կենտրոնանալու է այն ինստիտուցիոնալ և ֆինանսական մեխանիզմների վրա, որոնք անհրաժեշտ են TRIPP-ը խաղաղության նախաձեռնությունից գործնական իրականացման փուլ տեղափոխելու համար։

Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, Կենտրոնական Ասիայի հինգ պետությունների ներկայացուցիչները, որոնցից Ղազախստանն ու Ուզբեկստանը առանձնահատուկ հետաքրքրություն են ցուցաբերում այս նախագծի հանդեպ, ԱՄՆ նախագահի խաղաղության հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, սենատոր Սթիվ Դեյնսը, ինչպես նաև ավելի քան 40 ընկերությունների ղեկավարներ, որոնցից շատերն ամերիկյան են։

Պաշտոնյաների խոսքով՝ միջոցառման ընթացքում կներկայացվի, թե ինչպես է TRIPP-ը «բացելու Միջին միջանցքը»՝ գործարկելով դեպի արևմուտք ձգվող առևտրային մի ուղի, որը Եվրոպան կկապի Կենտրոնական Ասիայի հետ՝ միաժամանակ նվազեցնելով կախվածությունը տարանցումներից Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի տարածքով։

Հանդիպմանը կներկայացվի նաև Անդրկասպյան ձեռնարկատիրական հիմնադրամը (Trans-Caspian Enterprise Fund), որը, պաշտոնյաների խոսքով, ներդրումներ կկատարի TRIPP-ի և ավելի լայն Անդրկասպյան առևտրային ուղու շնորհիվ ստեղծվելիք հնարավորություններում։ Թեև հիմնադրամն անմիջականորեն չի կառավարվում ԱՄՆ կառավարության կողմից, այն գործում է Սպիտակ տան նշանակած խորհրդի վերահսկողությամբ և դրամաշնորհներ է ստանում Պետքարտուղարությունից։ Այն , միաժամանակ, առանձին է գործում միջանցքի զարգացումն ու կառավարումն ապահովելու համար ստեղծված ամերիկա-հայկական համատեղ ընկերությունից՝ TRIPP Development Company-ից՝ առանձին։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ վերջին 13 ամիսների ընթացքում Վաշինգտոնն աշխատել է Հայաստանում ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելու և դրանք կառավարելու համար անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորման ուղղությամբ։ Միաժամանակ, ԱՄՆ Կոնգրեսը ֆինանսավորում է հատկացրել՝ խաղաղության գործընթացին և նախագծի զարգացմանն աջակցելու համար։

TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

«Սա մեզ համար անվտանգության կարևոր հարց է դառնում», - ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան՝ առևտուրը ներկայումս սահմանափակող խոչընդոտների վերացումը համարելով առանցքային նպատակ։

Ֆիզիկական շինարարության մեկնարկը դեռ հեռու է

Չնայած սպասվող հայտարարությանը՝ Հայաստանի տարածքով անցնող, մոտ 43 կմ հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության մեկնարկին։

Նախատեսվում է, որ շինարարության ավարտին այն կներառի երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքներ և տվյալների փոխանցման թվային կապուղիներ։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Ադրբեջանն արդեն սեփական միջոցներով ենթակառուցվածքներ է կառուցում դեպի Հայաստանի սահման, Թուրքիան ևս ենթակառուցվածքներ է զարգացնում մինչև սահման։ Հայաստանի տարածքով անցնող մնացած հատվածը դեռ պետք է կառուցվի։

«Մենք դեռ այդ փուլում չենք», - ասել է պաշտոնյան՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր կայանալիք միջոցառմանը հնարավոր կլինի խորհրդանշականորեն տալ շինարարության մեկնարկը։ Վարչակազմը հույս ունի մինչև 2026 թվականի վերջը կամ 2027-ի առաջին եռամսյակում սկսել նախագծում ներգրավվելիք ընկերությունների և ներդրումային հնարավորությունների որոնումը։

Երկաթուղու կառուցումն ավելի երկար ժամանակ կպահանջի։ Նախատեսվում է, որ տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը պատրաստ կլինի մինչև 2026 թվականի վերջը կամ 2027 թվականի սկիզբը, որից հետո ընկերությունները կկարողանան մասնակցել մրցույթներին։ Պաշտոնյայի խոսքով՝ երկաթուղու կառուցումը, ամենայն հավանականությամբ, առնվազն 18 ամիս կպահանջի, ընդ որում աշխատանքները կբարդացնի տեղանքի դժվար ռելիեֆը։

«2027-ին ոչ ոք այս գնացքով չի երթևեկելու», - հստակեցրել է պաշտոնյան։

Միաժամանակ, նշվել է, որ էներգետիկ կապերը կարող են ավելի շուտ գործարկվել։ Քննարկումներն արդեն ընթանում են, և պաշտոնյաներն ակնկալում են, որ էլեկտրաէներգիայի փոխանցումը կսկսվի 2027 թվականին՝ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրացանցերը կապելով Կենտրոնական Ասիայի հինգ երկրների, Թուրքիայի և եվրոպական ավելի լայն տարածաշրջանային ցանցերի հետ։

TRIPP-ի ղեկավարումը

Ամերիկացի պաշտոնյաները երեկ լրացուցիչ մանրամասներ են ներկայացրել TRIPP Development Company-ի կառուցվածքի վերաբերյալ, սակայն չեն նշել դրա ապագա ղեկավարների անունները։

TDC-ն ստեղծվում է որպես ԱՄՆ կառավարության և Հայաստանի համատեղ կորպորատիվ ձեռնարկություն։ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան այն բնութագրել է որպես իր տեսակի մեջ առաջին նման կառույց, որտեղ Միացյալ Նահանգները կունենա բաժնեմասերի մեծամասնությունը։ Ընկերությունը կունենա տնօրենների խորհուրդ, քվեարկության ընթացակարգեր, վերահսկողության մեխանիզմներ և պրոֆեսիոնալ կառավարում։ Նախքան ընկերության ստեղծման մասին պաշտոնական հայտարարությունը՝ դեռ անհրաժեշտ է ավարտին հասցնել մի շարք իրավական հարցեր։

Ընկերության կանոնադրությամբ կսահմանվեն մրցույթների անցկացման և վերահսկողության ընթացակարգերը։ Երկաթուղու, ճանապարհների, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և տվյալների փոխանցման հետ կապված նախագծերը շինարարության կամ կոնցեսիայի տրամադրման համար կանցնեն սովորական մրցութային ընթացակարգերով։ ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) ներգրավված է եղել իրավական և ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորման աշխատանքներում, սակայն TDC-ն ինքնին գործելու է որպես առանձին ամերիկա-հայկական կորպորատիվ կառույց։

Միացյալ Նահանգները, ըստ պաշտոնյաների, պատրաստ է ներդրումներ կատարել, երբ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունները ցույց կտան, որ առանձին նախագծերը կոմերցիոն առումով կենսունակ են։ Պետքարտուղարությունը ֆինանսավորում է այդ ուսումնասիրությունների մի մասը, իսկ AECOM ինժեներական ընկերությունը այսօր կայանալիք միջոցառմանը ներդրողներին կներկայացնի TRIPP-ի շնորհիվ ի հայտ եկող նախագծերը։

Ռուսաստանն ու Իրանը

Պաշտոնյաները TRIPP-ը բնութագրել են որպես ներկայում գործող արևելք-արևմուտք երթուղիների այլընտրանք։

Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Միացյալ Նահանգները քննարկումներ է անցկացրել տարածաշրջանային մրցակիցների հետ, սակայն հրաժարվել է մանրամասնել այդ երկրների՝ ոչ հրապարակային ձևաչափով արտահայտած դիրքորոշումները։

«Տարածաշրջանի բոլոր մրցակիցների հետ բազմաթիվ զրույցներ են եղել», - ասել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ Վաշինգտոնը գիտակցում է «բարդ խոսակցությունների» հավանականությունը «բարդ հարևաններով» հայտնի տարածաշրջանում։

ԱՄՆ պաշտնոնյաները չեն խոսել TRIPP-ի համար առանձին անվտանգության ուժ կամ հատուկ անվտանգության մեխանիզմ կիրառելու մասին ։ Փոխարենը շեշտել են ԱՄՆ-ի երկարաժամկետ ներգրավվածությունն ու շարունակական դիվանագիտական աշխատանքը՝վկայաբերելով Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնի ընդլայնվող տնտեսական ու քաղաքական հարաբերությունները։

Պաշտոնյաների խոսքով, ակնկալվում է, որ այսօր կայանալիք միջոցառմանը կմասնակցեն Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ պետությունների ներկայացուցիչները։

Համաձայնությունից՝ իրականացման փուլ

Թրամփի վարչակազմը TRIPP-ը ներկայացնում է որպես Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում 2025 թվականի օգոստոսի 8-ի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ավելի ընդարձակ փոփոխությունների մի մաս։

Ամերիկյան վարչակազմի պաշտոնյաները երեկ նշել են, որ գագաթնաժողովից հետո հրադադարի խախտումներ չեն եղել, իսկ վառելիքի և գյուղատնտեսական ապրանքների սահմանափակ առևտուրն արդեն իսկ նպաստել է երկու երկրների միջև տնտեսական կապերի որոշակի խորացմանը։ Նրանց գնահատմամբ՝ Ադրբեջանից վառելիքի մատակարարումների շնորհիվ Հայաստանում վառելիքի գները նվազել են մոտ 20-30 տոկոսով։

Ամերիկացի պաշտոնյաները նաև մատնանշել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունների զգալի ընդլայնումը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը գիտակցաբար ձևավորել է ավելի լայն համագործակցության օրակարգ, որն այլևս չի սահմանափակվում բացառապես հակամարտության կարգավորման հարցերով։

Հայաստանի դեպքում պաշտոնյաները մատնանշել են Երևանում Firebird AI կենտրոնի բացումը, որը ստեղծվել է ամերիկյան տեխնոլոգիաների, այդ թվում՝ Nvidia-ի և Dell-ի տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ադրբեջանի դեպքում նրանք նշել են էներգետիկ համագործակցության ընդլայնումը, պաշտպանության ոլորտում քննարկումները և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվացած ներգրավվածությունը։ Ըստ նրանց՝ վերջին 13-14 ամիսների ընթացքում Վաշինգտոնի և Բաքվի միջև ավելի շատ շփումներ են եղել, քան դրան նախորդած 13-14 տարիներին։

ԱՄՆ վարչակազմի մոտեցումն է տնտեսական ինտեգրումն առաջ մղել՝ խաղաղության գործընթացին զուգահեռ։ Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Երևանն ու Բաքուն գործում են այնպես, կարծես խաղաղությունն «անխուսափելի» է, թեև վերջնական խաղաղության համաձայնագիրը դեռևս ամբողջությամբ ավարտին չի հասցվել։

Դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր, այդ թվում՝ սահմանադրական և այլ իրավական փոփոխություններ Հայաստանում, ինչպես նաև մասնակից երկրներին առնչվող միջոցառումներ։ Այդուհանդերձ, Վաշինգտոնը մտադիր է զուգահեռաբար առաջ տանել TRIPP-ը՝ հիմնավորելով, որ միջանցքի կառուցումն ինքնին կարող է նպաստել խաղաղության ճանապարհին մնացած խոչընդոտների վերացմանը։

Ինչպես ձևակերպել է Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան, այժմ ուշադրության կենտրոնում է այն հարցը, թե «ինչ է տեղի ունենալու փաստաթուղը ստորագրելու հաջորդ օրը»։