Թրամփ․ Բելառուսական պարարտանյութը զգալիորեն էժան կլինի կանադականից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բելառուսից մեծ ծավալով կալիումական պարարտանյութ գնելու գործարքի շուրջ։ Նրա խոսքով՝ բելառուսական պարարտանյութը զգալիորեն ավելի էժան կլինի, քան այն, ինչ ԱՄՆ-ն այժմ գնում է Կանադայից։ Թրամփը դա «շատ լավ նորություն» է համարել ամերիկացի ֆերմերների համար։

Այս հայտարարությունը հնչում է ԱՄՆ-ի և Կանադայի միջև շարունակվող առևտրային լարվածության ֆոնին։ Կանադան աշխարհում կալիումական պարարտանյութի խոշորագույն արտադրողն է, որին հաջորդում են Ռուսաստանը, Բելառուսն ու Չինաստանը։ Վաշինգտոնն ու Օտտավան վերջին ամիսներին միմյանց նկատմամբ մի շարք առևտրային սահմանափակումներ են կիրառել։

Բելառուսական կալիումական պարարտանյութի շուրջ Մինսկն ու Վաշինգտոնը բանակցում են արդեն ամիսներ շարունակ։ ԱՄՆ-ն այս տարվա մարտին պատժամիջոցների ցանկից հանել էր աշխարհի խոշորագույն արտադրողներից «Բելառուսկալի»-ն և դրա արտադրանքի արտահանմամբ զբաղվող «Բելառուսական կալիումական ընկերությունը»։ Դրան զուգահեռ Ալեքսանդր Լուկաշենկոն ազատ էր արձակել 250 բանտարկյալի։

Սեպտեմբերի 11-ին Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսն արդեն կալիումական պարարտանյութ է մատակարարում Միացյալ Նահանգներին։ Նրա խոսքով՝ այս տարվա արտադրանքի հիմնական ծավալներն արդեն վաճառված են պայմանագրերով, սակայն որոշակի խմբաքանակ հնարավոր է եղել հատկացնել ամերիկյան շուկային։

Մինսկի ու Վաշինգտոնի շփումները վերջին օրերին կրկին ակտիվացել են։ Սեպտեմբերի 15-ին Լուկաշենկոն հանդիպել էր Թրամփի հատուկ բանագնաց Ջոն Քոուլի հետ՝ քննարկելով պատժամիջոցների հետագա մեղմացումը, տնտեսական համագործակցությունն ու ԱՄՆ-ում սառեցված բելառուսական միջոցների վերադարձը։ Հաջորդ օրը Բելառուսն ազատ էր արձակել ևս 25 բանտարկյալի, իսկ ԱՄՆ-ը վերացրել էր երկու բելառուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները։