Մոսկվան հայտարարել է Պետդումայի ընտրություններում նախագահ Վլադիմիր Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության նոր ռեկորդային հաղթանակի մասին, որոնք Եվրամիությունը որակել է «կեղծ ընտրություններ»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ «Եդինայա Ռուսիա» կուսակցությունը հավաքել է ձայների գրեթե 58 տոկոսը և 450 տեղանոց Պետդումայում կստանա 355 մանդատ։ Սրանք խորհրդարանական առաջին ընտրություններն են 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր։
Սեպտեմբերի 18-20-ը կայացած և մանրամասն պլանավորված ու կառավարվող գործընթացում ընտրողները կարող էին ընտրություն կատարել մի քանի կուսակցությունների միջև, որոնք բոլորն էլ արժանացել են Կրեմլի հավանությանը և լիովին աջակցում են Պուտինին։ Արդյունքները ցույց տվեցին, որ Ուկրաինայի պատերազմի տասնյակ մասնակից զինվորականներ այժմ կդառնան օրենսդիրներ։
Միակ կուսակցությունը՝ «Յաբլոկոն», որը դեմ է Ուկրաինայում ընթացող պատերազմին, դուրս էր թողնվել ընտրողների ցուցակից։ Կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովն իր քվեաթերթիկի վրա վառ մարկերով գրել էր «հանուն խաղաղության » և լուսանկարվել դրա հետ Սանկտ Պետերբուրգի ընտրատեղամասերից մեկում։
Ռուսաստանի լիբերալ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ռիբակովը քվեարկում է, 20-ը սեպտեմբերի, 2026թ.
«Հետընթաց Ռուսաստանի ժողովրդավարության համար»
Ռուսաստանի քաղաքական ընդդիմության մեծ մասն այժմ բանտում է կամ վտարանդի։ Վերջին խմբում է նաև Դմիտրի Գուդկովը, որը «Նաստոյաշեե Վրեմյային» ասել է. «Նրանք [ընդդիմությունից] ոչ մեկին թույլ չտվեցին առաջադրվել, նրանք [ընտրատեղամասերից- խմբ.] դուրս շպրտեցին դիտորդներին, ակնհայտորեն լայնածավալ լցոնումներ էին տեղի ունենում»։
Գուդկովը «Ռուսաստանի ժողովրդավարական ուժեր» կուսակցության անդամ է, որը վտարանդի ընդդիմադիր խումբ է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) կից։ Նրա կարծիքով՝ ԵԽԽՎ-ն շուտով Դումայի ընտրություններն ապօրինի կճանաչի։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասն արդեն արել է դա՝ նշելով, որ ի թիվս այլ բաների, քվեարկությունը տեղի է ունեցել նաև Ուկրաինայի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում։
«Այսպես կոչված Դումայի ընտրությունները ևս մեկ լուրջ հետթընաց դարձան ռուսական ժողովրդավարության համար, - սոցցանցում այսօր գրել է նա,-Ժողովրդավարության շղարժն է այն ամենը, ինչ մնացել է Ռուսաստանում։ Ես առաջարկել եմ միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր նպաստում են այս կեղծ ընտրություններին Ուկրաինայի օկուպացված տարածքներում»։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 59.32 տոկոս, ինչն ավելի բարձր է, քան նախորդ տարիներին, ինչպես հպարտությամբ հայտարարել է Ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան։
Վերջին անգամ՝ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, այս ցուցանիշը կազմել է 51.7 տոկոս, մինչդեռ 2011 թվականին, երբ ընտրակեղծիքների մեղադրանքները հանգեցրին Մոսկվայում ընդդիմության զանգվածային ցույցերի, որոնք դաժանորեն ճնշվեցին անվտանգության ուժերի կողմից, այս ցուցանիշը կազմել է 60.2 տոկոս։
Սակայն պաշտոնական տվյալների հուսալիությունը լայնորեն քննադատության է արժանանում, և առանձնապես աղաղակող են օրինակները, ինչպիսին է Չեչնիան, ուր, ըստ վիճակագրության, շրջանի վաղեմի առաջնորդ Ռամզան Կադիրովը ստացել է ձայների 99.85 տոկոսը:
«Չեչնիայում նույնիսկ զանգվածային կեղծիքներ տեղի չեն ունենում։ Ոչ ոք նույնիսկ ձայները չի հաշվում, - «Նաստոյաշեե Վրեմյայինին» ասել է այժմ արդեն Ռուսաստանից դուրս գործող «Մոժեմ Օբյասնիտ» պարբերականի գլխավոր խմբագիր Մաքսիմ Գլիկինը,- Նրանք պարզապես գրանցում են անհրաժեշտ թվերը և հրապարակում դրանք»։
Ի՞նչ սպասել հաջորդիվ
Ամեն դեպքում, ընտրությունները կրկին բացահայտեցին, որ Ռուսաստանը կունենա հնազանդ Դումա, որը, կհաստատի Կրեմլի ներկայացված օրենքները, ինչպեսև առհասարակ սպասվում էր։ Այժմ ուշադրությունը կրկին կսևեռվի Ուկրաինայում ընթացող դաժան և հյուծող պատերազմին։
Հանրաքվեին նախորդող շաբաթներին լայնորեն տարածվել էին ենթադրություններ, որ դրան կհաջորդի զորահավաքի նոր ալիք՝ բանակի շարքերը համալրելու համար, որը, ըստ հաղորդումների, ամեն ամիս մոտ 30,000 զոհ է ունենում։
«Ուկրաինական հետախուզությունը զգուշացրել է, որ Կրեմլը պլանավորում է խորհրդարանական ընտրություններն օգտագործել որպես հանրային աջակցության լավ կազմակերպված ցուցադրություն՝ մոբիլիզացիայի նոր ալիք սկսելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է GLOBSEC վերլուծական կենտրոնի քաղաքականության և ծրագրերի տնօրեն Դոմինիկա Հայդուն։
«Մոբիլիզացիան Ռուսաստանին կօգնի պահպանել հարձակողական ճնշումը՝ հաշվի առնելով նրա պատրաստակամությունը մեծ կորուստներ կրելու հարցում, սակայն մարտադաշտում դրա ազդեցությունը, հավանաբար, սահմանափակ կլինի, քանզի վերջին մարտերում գերակշռել են անօդաչու թռչող սարքերը և ավիահարվածները, այլ ոչ թե մարդկային ուժը», - հավելել է նա։
Ուկրաինայի արտակարգ ծառայություններն հայտնել են, որ մարտերն այսօր շարունակվել են. ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի համալսարանին, առևտրի կենտրոնին և այլ թիրախների, ինչի հետևանքով վիրավորվել է վեց մարդ:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է եռակողմ խաղաղ բանակցությունների վերսկսման համար, սակայն «մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը»: Ռուսաստանում պաշտոնյաներն այս եզրույթն են կիրառում Ուկրաինա ներխուժման մասին խոսելիս:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան հայտարարել է, որ խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և որ նրանք այս շաբաթ կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։
Զելենսկին սոցցանում գրել է, որ հանդիպումը «կարող է շատ բան փոխել» և որ ինքն ու Թրամփը «շատ բան են քննարկել» իրենց քննարկման ընթացքում։