Ռուսական ուժերը սեպտեմբերի 21-ի գիշերը հարվածային անօդաչուներով գրոհել են Ուկրաինայի մի շարք շրջաններ։ Խարկովի մարզի Լոզովա քաղաքում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Քաղաքում վնասվել և մասամբ ավերվել են բնակելի շենքեր ու երկաթուղային ենթակառուցվածքներ։ Հարվածներից հետո երկու հրդեհ է բռնկվել։ Երկհարկանի բնակելի շենքերից մեկում այրվել է տանիքը, վնասվել են նաև երկրորդ հարկի բնակարանները։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել մեկ զոհի մարմին և փրկել մեկ կնոջ։
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում վնասվել են երկու ինըհարկանի բնակելի շենքեր, առևտրի կենտրոն և բարձրագույն ուսումնական հաստատության շենք։ Տուժել է հինգ մարդ, ևս հինգին հաջողվել է փրկել, 14 բնակիչ տարհանվել է։
Օդեսայի մարզում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել պահեստային տարածքներում։ Ըստ առկա տեղեկությունների՝ այրվել են սուպերմարկետների ցանցերից մեկին պատկանող սննդամթերքի պահեստներ։ Զոհերի մասին չի հաղորդվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ նախորդ երեկոյից մինչև գիշեր ռուսական ուժերը հարվածներ են հասցրել երկրի տասը մարզերի։