«Ուժեղ Հայաստանը» միայն Ստեփանավանում կպայքարի ՔՊ-ի դեմ, մյուս համայնքներում չի առաջադրվել

Տեսարան Ստեփանավանից, արխիվ

Խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Ուժեղ Հայաստան»-ը հոկտեմբերին սպասվող համայնքային ընտրություններում պայքարելու է միայն Ստեփանավանում:

Հոկտեմբերի 25-ին ընտրություններ են Հայաստանի տասը մարզի 19 համայնքներում: Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարող Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժը մյուս 18 համայնքներում թեկնածու չի առաջադրել:

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորելու է Արսեն Գևորգյանը: Այստեղ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Ստեփանավանին միավորվող Լոռի բերդի համայնապետ Արայիկ Ներսիսյանն է:

Խորհրդարանական երկրորդ ընդդիմադիր ուժի՝ «Հայաստան» դաշինքի կուսակցություններն առանձին կմասնակցեն տեղական ընտրություններին՝ ՀՅԴ-ն խոշորացված Մարտունի, Արտաշատ, Հրազդան համայնքներում և Ծաղկաձորում, դաշինքի մաս կազմող «Առաջ» կուսակցությունն էլ միայն Արմավիրի մարզի Արաքս համայնքում:

ՀՅԴ-ից ավելի վաղ «Ազատության»-ն ասել էին, որ Գորիսում էլ կպայքարեն, բայց ի վերջո որոշել են չառաջադրվել: Այստեղ իշխող ուժի թեկնածուն նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է:

Համայքնային ընտրություններում ընդդիմադիրներից ակտիվ է Մանե Թանդիլյանի գլխավորած արտախորհրդարանական «Ապրելու երկիր» կուսակցությունը: Կպայքարեն Մեղրիում, Գորիսում, Ջերմուկում, Դիլիջանում, Մարտունիում ու Արթիկում: «Ապրելու երկիր»-ը նախորդ ընտրություններում Փարաքարում ու Նոյեմբերյանում հաղթել էր իշխող ՔՊ-ին:

Կալանավորված Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դեռեւս որեւէ հայտարարություն չկա: Հայտնի չէ՝ որևէ համայնքում թեկնածու առաջադրել են, թե՝ ոչ: