Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք. Փաշինյան

Ղազախստանին հայկական երկաթուղու կառավարումը հանձնելու սցենարին դեմ չենք, «Բուն TV»-ի «Երրորդ ժամկետ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլորի մտքում առաջին հերթին Ղազախստանն է, թերևս նաև այն պատճառով, որ Ղազախստանը բավականին լավ զարգացած ենթակառուցվածք ունի, երկաթուղու ոլորտում ներդրումներ անելու փորձ ունի», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նորից կրկնեց՝ հայկական կողմի ակնկալիքն է, որ Ռուսաստանը կոնսենցիոն իրավունքը վաճառի որևէ երրորդ կողմի:

Հայկական կողմը դեռ տարեսկզբից Մոսկվային առաջարկում է հայկական երկաթուղու 30-ամյա ռուսական կոնցեսիան վաճառել բարեկամական երրորդ երկրի՝ պնդելով, որ Արևմուտքի հետ թշնամական հարաբերություններ ունեցող Ռուսաստանի կառավարման պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցնում է մրցակցությունը: Ռուսաստանը, մինչդեռ, որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու շահագործման իր կոնցեսիոն իրավունքը որևէ մեկին փոխանցելու համար:

«TRIPP նախագծի և խաղաղության հաստատման համատեքստում մենք ստացել ենք պատմական շանս, որ մենք ինտեգրվենք երկաթուղու վերաբացման միջոցով միջազգային տրանսպորտային ցանցին, բայց հայկական երկաթուղին Ռուսաստանի կոնցեսիայի ներքո լինելու բերումով էլ տեսնում ենք, որ պրոցեսներ գնում այս անգամ էլ փաստացի Հայաստանը շրջանցվի», - ասաց Փաշինյանը նշելով՝ «հիմա Կարս-Դիլիջու երկաթուղի է շատ ինտենսիվ կառուցվում»:

«Այսինքն՝ երկաթուղին Նռնաձորի կողմից մտնի ՀՀ, Ագարակի կողմով դուրս գա, և միջազգային հիմնական հոսքերը ոչ թե գան Հայաստանով, հետո մտնեն Թուրքիա, այլ Նախիջևանով Թուրքիա: Այդ եկաթուղին [Կարս-Դիլիջու] կկառուցվի, մենք իրավունք ունենք մրցակցելու, բայց այս պայմաններում տեսնում ենք, որ չենք կարողանալու մրցակցել», - ասաց Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հաստատում է՝ Աստանայի հետ քննարկվել է TRIPP-ին Ղազախստանի հնարավոր մասնակցությունը

Վարչապետն ընդգծեց, որ «մենք ոչ միայն չենք ուզում Ռուսաստանի հետ մեր կապերը ընդհատել, այլև ուզում ենք մեր հարաբերություններոը խորացնել, բայց նոր միջավայրում ու նոր պայմաններում»:

Առաջիկայում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանը այցը Մոսկվա, որտեղ կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետն ընդգծեց, որ երկաթուղու հարցը ևս կլինի այդ քննարկումների առանցքային խնդիրներից մեկը: Այցի ժամկետները, սակայն, դեռ չեն հստակեցվում:

Մոսկվա կատարելիք իր առաջիկա այցի մասին Հայաստանի վարչապետը հայտարարեց Բիշքեկում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Այդ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին դարձյալ առաջարկել էր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե անել: Հայաստանի վարչապետն էլ պնդել էր, որ Եվրամիությանն անդամակցության օրենքի ընդունումով Հայաստանը չի խախտել ԵԱՏՄ-ում որևէ պարտավորություն: «Այդ հարցն այնքան չի հասունացել, որ դրվի ժողովրդական հանրաքվեի, մենք այդ օրենքն ընդունել ենք, որպեսզի հանրաքվե չանցկացնենք», - ասել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը և Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն «Հայաստանի զարգացման ուղին և հնարավոր հանրաքվեն»

Նոր ատոմակայանի կառուցման մասին

Ինչ վերաբերում է նոր ատոմակայանի կառուցմանը, վարչապետն ասաց՝ «փնտրում ենք լավագույն առաջարկ»:

«Ով լավագույն առաջարկ կտա, նրա հետ էլ կաշխատենք: Մենք երբեք չենք ասել, որ բացառում ենք, որ Ռուսաստանի հետ կիրականացնենք ատոմակայանի կառուցումը», - ասաց նա:

Լրագրողի դիտրակմանը՝ «բայց ասել եք, որ էներգետիկ ոլորտում դիվերսիֆիկացիան նույնպես նպատակ է», Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես ասել եմ, որ Հայաստանը կարող է էներգետիկ ինքնաբավ երկիր լինել, որովհետև Հայաստանն ունի ահռելի մեծ ռեսուրսներ: Մեր ատոմակայնի հզորությունը 400 Մեգավատտ է, մենք նախորդ տարիների ընթացքում՝ 2018 թվականից ի վեր, ավելի քան 1200 Մեգավատտ հզորություններ ենք ստեղծել: Հաջորդ փուլով մենք պետք է կուտակիչների և կանաչ ջրատնի ստեղծման ուղղությամբ աշխատենք: Անկախ ամեն ինչից անհամաչափ կախվածություն որևէ երկրից մենք պետք է չունենանք»:

Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե «Հայաստանը որոշում է կայացրել փոքր մոդուլային ռեակտորի տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ», բայց թե կոնկրետ որ երկրի հետ է մտադիր համագործակցություն կնքել՝ Երևանը դեռ չի հստակեցրել։

Նոր մոդելի ատոմակայան կառուցելու շուրջ Հայաստանը բանակցում է հինգ երկրի հետ՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Հարավային Կորեա և Ֆրանսիա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ո՞ր երկիրը և ի՞նչ ատոմակայան կկառուցի Հայաստանում«Ռոսատոմ»-ի ղեկավարն այս ամիս Հայաստան կժամանի