Ռուսաստանը պլանավորում է հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ «հիբրիդային» հարվածներ հասցնել Ուկրաինային աջակցող երկրներին, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ հղում անելով լեհական հետախուզական ծառայությունների տվյալներին, հայտնում է Reuters-ը:
Վարչապետի խոսքով՝ կա իրական ռիսկ, որ ռուսական հրթիռները կամ անօդաչու թռչող սարքերը կարող են հայտնվել ՆԱՏՕ-ի արևելյան թևում մեկ կամ մի քանի երկրների տարածքում և ավերածություններ պատճառել։
«Այս հնարավոր հարվածները այսպես կոչված պատահական բնույթի կլինեն և նպատակ կունենան կաթվածահար անել կամ առնվազն թուլացնել ՆԱՏՕ-ի երկրների վճռականությունը անդամներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում դաշինքի համապատասխան դրույթները կիրառելու հարցում», - ասել է Տուսկը։
Նա ենթադրել է, որ նման հարձակումները կարող են համընկնել եվրոպական երկրներում քաղաքական փոփոխությունների հետ, որտեղ իշխանության կարող են գալ խաղաղության կարգախոսներով հանդես եկող, բայց իրականում, նրա խոսքով, «Ուկրաինայի լիակատար կապիտուլյացիայի» կոչ անող ուժերը։
Մոսկվան հերքում է
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ էր հայտարարել, որ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները, թե Եվրոպան պետք է պատրաստվի պատերազմի, չեն համապատասխանում իրականությանը: Սերգեյ Լավրովը վստահեցրել էր՝ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա: Իսկ եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, ապա այդ պատերազմը շատ կարճ կտևի, զգուշացրել էր նա:
«Եթե Եվրոպան, որն ամեն օր խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին, հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կտևի»,- ասել էր Լավրովը։
Նախորդ հարվածները
Սեպտեմբերի 13-ի գիշերը ռուսական զորքերը հարվածեցին լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող թիրախների։ Հարվածները, ի թիվս օբյեկտների, ուղղված էին Յագոդինի սահմանային անցակետի մոտ գտնվող բենզալցակայանին և Կիև-Վարշավա ուղևորատար գնացքին։ Դրանից հետո Տուսկը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից լարվածության սրումը դառնում է իրականություն, և դրա դրսևորումները տեղի են ունենում ավելի ու ավելի մոտ լեհական սահմանին։
Սեպտեմբերի 17-ին Տուսկը հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևմտյան մասի վրա հարձակման ժամանակ անօդաչու թռչող սարքերից մեկը կործանվել է լեհական սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա՝ Յագոդինի մոտակայքում և մեծ պայթյուն առաջացրել: Ըստ նրա՝ թիրախը, ենթադրաբար, բենզալցակայանն էր: Լեհաստանը և նրա դաշնակիցները կործանիչներ բարձրացրին օդ, իսկ երկու օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրին թռիչքները:
Բացի դրանից՝ վերջին ամիսներին անօդաչու թռչող սարքերը բազմիցս ներխուժել են Բալթյան երկրների օդային տարածք: Սեպտեմբերի 15-ի գիշերը ՆԱՏՕ-ի կործանիչներն առաջին անգամ անօդաչու թռչող սարք խոցեցին Լիտվայի երկնքում: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ավելի ուշ հայտարարեց, որ դա ռուսական «Գերբերա» էր, որը, ամենայն հավանականությամբ, թռնում էր դեպի Ուկրաինա, բայց շեղվել էր ուղուց: