Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան

ԵՄ-ն ակնկալում է, որ հայկական ապրանքների նկատմամբ սահմանված արտոնությունները շատ շուտով կգործարկվեն, Վանաձորում հայտարարել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ընդգծելով՝ «Եվրոպական Միության և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել, և Եվրոպական կառույցն աշխատում է դրանք է՛լ ավելի շոշափելի դարձնել»։


«Հետևելով որոշ շատ կոշտ, հարկադրական միջոցների, որոնք Հայաստանի կարևոր հյուսիսային գործընկերը ձեռնարկել է դեպի այդ երկիր արտահանման դեմ, ԵՄ-ն մեծացրել է իր աջակցությունն առևտրին», - ասել է ԵՄ դեսպանն ու շեշտել Բրյուսելի առաջարկած առևտրային արտոնությունները, որոնք հնարավորություն կտան բազմաթիվ հայկական ապրանքների ԵՄ շուկա մտնել առանց մաքսատուրքերի։


Խոսքը ԵՄ-ի նոր առևտրային արտոնությունների մասին է, որոնցով հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ հնարավորություն կստանան եվրոպական շուկա արտահանվել առանց մաքսատուրքի։ Արտոնությունները Բրյուսելը Հայաստանին առաջարկել է ռուսական սահմանափակումների ֆոնին՝ օգնելու արտահանողներին նոր շուկաներ գտնել։ Նախատեսվում է, որ արտոնյալ ռեժիմը կգործի սահմանափակ ժամկետով և կընդգրկի հայկական արտահանման մի շարք ապրանքատեսակներ։


«Այս շաբաթ մենք տեսանք Եվրոպական խորհրդարանը կողմ քվեարկեց այս առաջարկին, և ակնկալում ենք, որ սա շատ շուտով կպաշտոնականացվի»,-ասել է Մարագոսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

Որպես հարաբերությունների սերտացման վկայություն՝ ԵՄ դեսպանը վկայաբերել է նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև շարունակվող բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ «Հայաստանն այժմ աշխարհում միակ երկիրն է, որի հետ մենք ունենք վիզաների ազատականացման երկխոսություն, և ակնկալում ենք կոնկրետ առաջընթաց այս ոլորտում: Կա գործողությունների ծրագիր, կառավարությունը աշխատում է դրա վրա», հայտարարել է Վասիլիս Մարագոսը:

Ըստ ԵՄ հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի, գնդակը «հիմա Հայաստանի իշխանությունների ձեռքերում է»: «Ես շատ վստահ եմ, որ մեր տեսած առաջընթացի պայմաններում դա շատ չի ուշանա, և մենք շատ ակտիվորեն աշխատում ենք դա կյանքի կոչելու ուղղությամբ», ասաց Վասիլիս Մարագոսը։

ԵՄ-ն Սյունիքում նախատեսում է 250 միլիոն եվրոյի ներդրում

ԵՄ դեսպանը նշել է, որ հաջորդ շաբաթ այցելելու են Սյունիք, որտեղ Եվրոպական կառույցը նախատեսում է 250 միլիոն եվրոյի ներդրում կատարել՝ մարզի զարգացմանն ու բիզնեսին աջակցելու նպատակով: Հենց այդ տարածքով է անցնելու նաև TRIPP ճանապարհը, որը Ադրբեջանի մայր տարածքը Նախիիջանին կապելուց և Տրանս-Կասպյան առևտրային երթուղում կարևոր օղակ ստեղծելուց բացի ենթադրում է նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր։

Եվրահանձնաժողովի ղեկավարը ամիսներ առաջ այցելելով Հայաստան, ապա՝ Ադրբեջան, հայտարարել էր, որ եվրոպական ընտանիքը պատրաստ է մինչև 200 միլիոն եվրո ներդնել՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերը զարգացնելու, տարածաշրջանի տնտեսական մասնատվածությունը նվազեցնելու և Հարավային Կովկասը Եվրոպային ու Կենտրոնական Ասիային ավելի սերտ կապելու նպատակով։

«Իսկապես էական է, որ մենք շարունակենք աջակցել մարդկային կապիտալին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր երկրում ոչ միայն տնտեսության, այլև ժողովրդավարական դիմակայունության և հասարակական դիմակայունության համար, որը մենք պետք է շատ ավելի շատ տեսնենք ապագայում», ասաց Վասիլիս Մարագոսը։

Երեկ ԵՄ դեսպանը Վանաձորում մասնակցում էր MitOst միջազգային ամենամյա փառատոնին՝ «Ժողովրդավարական դիմակայունությունը գործնականում․քաղաքացիական հասարակությունը վերափոխումների և անհստակության արանքում» թեմայով։ MitOst-ը միջազգային ցանց է, որն իր շրջանակներում միավորում է սոցիալական փոփոխությունների, մշակութային փոխանակումների, ակտիվ քաղաքացիության, հասարակական համերաշխության և նման նպատակների շուրջ աշխատող անհատների և կազմակերպությունների։ Այսօր ցանցին անդամակցում է 1000-ից ավելի մարդ ավելի քան 40 երկրներից։ Երեկվանից Վանաձորում են Արևելյալ Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիական հասարակության շուրջ 80 նենրկայացուցիչներ: