ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների մասին հանրապետական հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի օրինագծին՝ ստիպելու Մոսկվային, որ դադարեցնի Ուկրաինայում արդեն հինգերորդ տարին ընթացող արյունալի պատերազմը:
Օրինագիծը հնարավորություն է տալիս Ռուսաստանի էներգետիկ և պաշտպանական ոլորտների դեմ պատժամիջոցներ կիրառել, այդ թվում՝ մինչև 100% մաքսատուրք այն երկրների համար, որոնք շարունակում են ռուսական նավթ և գազ գնել և նպաստել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին:
Օրինագիծը, որին միացել են նաև դեմոկրատներ, պատժամիջոցներ է ենթադրում նաև Իրանի նկատմամբ և արդեն կուղարկվի նախագահ Թրամփի ստորագրմանը:
Մոսկվան զգուշացնում է և սպառնում
Քվեարկությունից ժամեր անց Կրեմլի խոսնակը զգուշացրել է՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կդժվարացնեն Ուկրաինայում խաղաղության հասնելու գործընթացը:
«Մենք, իհարկե, հետևում ենք այս փաստաթղթի մշակման ընթացքին: Այն դասվում է ոչ բարեկամական գործողությունների շարքին: ԱՄՆ-ի կողմից ցանկացած լրացուցիչ պատժամիջոցի կիրառումը, անշուշտ, կբարդացնի Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը,- ասել է Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի խոսնակի զգուշացումների ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին անդրադարձել է եվրոպացի պաշտոնյաների հայտարարություններին, թե Եվրոպան պետք է պատրաստվի պատերազմի: Սերգեյ Լավրովը վստահեցրել է՝ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրոպայի վրա: Իսկ եթե Եվրոպան հարձակվի Ռուսաստանի վրա, ապա այդ պատերազմը շատ կարճ կտևի, զգուշացրել է նա:
«Եթե Եվրոպան, որն ամեն օր խոսում է Ռուսաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մասին, հարձակվի Ռուսաստանի Դաշնության վրա, դա արդեն բոլորովին այլ պատերազմ կլինի, և այն շատ կարճ կտևի»,- ասել է Լավրովը։
Ապահովել Սև ծովով անվտանգ բեռնափոխադրումը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ուկրաինայում: Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ կարևոր է նաև ապահովել, որ Ուկրաինայից և Ռուսաստանից արտահանվող ապրանքներն անվտանգ անցնեն Սև ծովով, այլապես դա աշխարհի համար ստեղծում է խնդիրներ, որոնք ավելանում են Իրանի դեմ պատերազմի ստեղծածներին:
«Կարծում եմ՝ շատ կարևոր է գտնել մի ճանապարհ, որը թույլ կտա Ուկրաինայից և Ռուսաստանից սննդամթերքի, պարարտանյութերի և էներգիայի արտահանումն անվտանգ իրականացնել Սև ծովով»- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Հարվածները շարունակել են, դիեր փոխանակել
Իսկ այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսական զինուժի թիրախում են եղել Կիևը, Օդեսան և Սումին, կա մեկ զոհ և առնվազն 18 վիրավոր: Ուկրաինան իր հերթին հարվածել է Ռուսաստանի տարբեր շրջանների: Յարոսլավլում անօդաչուների հարվածից նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել: Ուկրաինան և Ռուսաստանն այսօր նաև դիեր են փոխանակել: Մոսկվան փոխանցել է 252, Կիևը՝ 23 դի: