Փարիզում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանին երեկ Ելիսեյան պալատում ընդունել էր Էմանուել Մակրոնը։
Հայկական ապրանքների նկատմամբ ռուսական սահմանափակումների պայմաններում երկու երկրների առաջնորդները քննարկել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը։
Կառավարության հաղորդմամբ՝ կողմերը տնտեսական համագործակցությունը ռազմավարական գործընկերության առաջնային ուղղություններից են համարել և ընդգծել Երևանի քայլերը՝ տնտեսությունն ու արտահանման շուկաները բազմազանեցնելու ուղղությամբ։
Վերջին ամիսներին Երևանը փորձում է հայկական ապրանքների համար նոր շուկաներ գտնել։ Եվրամիությունն էլ Հայաստանի համար Առևտրի ինքնավար միջոցառումներ՝ ATM է առաջարկել՝ ռուսական սահմանափակումների հետևանքները մեղմելու և արտահանման մի մասը եվրոպական շուկա ուղղելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
50 միլիոն եվրո ԵՄ-ից՝ ՀՀ-ին. ինչ փաթեթ է առաջարկում ԲրյուսելըՍեպտեմբերի սկզբին ԵՄ խորհուրդը հավանություն տվեց առաջարկին։ Եթե այն հաստատի նաև Եվրախորհրդարանը, հայկական մի քանի հարյուր տեսակի ապրանքներ կարող են արտոնյալ պայմաններով մուտք գործել ԵՄ շուկա։
Առաջնորդները քննարկել են նաև Սյունիքում Բարգուշատի թունելի կառուցումը։ Կառավարության փոխանցմամբ՝ նախագիծը մտել է գործնական փուլ, և կողմերը կարևորել են շինարարության արագ մեկնարկը։
Թունելի կառուցման շուրջ Հայաստանը համագործակցում է ֆրանսիական «Vinci Construction Grands Projets» և «Razel-Bec» ընկերությունների հետ։ Դեռ մայիսին՝ Մակրոնի Հայաստան այցի ժամանակ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու ֆրանսիական ընկերությունների համատեղ ձեռնարկությունը ծրագրի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ստորագրվեց Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրըԵլիսեյան պալատում անդրադարձ է եղել նաև տիեզերական ոլորտում համագործակցությանը։ Փաշինյանը Փարիզում մասնակցում է Մակրոնի նախաձեռնած առաջին Միջազգային տիեզերական գագաթնաժողովին և հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է Ֆրանսիայի հետ այս ուղղությամբ ավելի առարկայական համագործակցություն։
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները՝ կարևորելով խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակությունը։
Ելիսեյան պալատն առայժմ Մակրոն-Փաշինյան հանդիպման մասին հաղորդագրություն չի տարածել: