Արմեն Գրիգորյանը նոր աշխատանքի է անցել

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյան

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքի է անցել Policy and Management Consulting Group (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությունում՝ որպես ավագ խորհրդական:

PMCG-ն հայտնում է, որ Գրիգորյանն արդեն ներգրավված է եղել ընկերության աշխատանքներում, մասնավորապես, Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP նախագծի կենսունակության գնահատման գործընթացում:

«Գրիգորյանի գործունեության առանցքային ուղղություններից է եղել Հարավային Կովկասին առնչվող ամենաբարդ խնդիրներին անդրադարձը, ներառյալ երկխոսությունը, բանակցությունները, տարածաշրջանային անվտանգությունը, հակամարտությունների կարգավորումը և ամբողջ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը», - նշել է ընկերությունը հաղորդագրությունում:

Արմեն Գրիգորյանը մի քանի տարի շարունակ հայ-ադրբեջանական բանակցություններում ներգրավված առանցքային պաշտոնյաներից էր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան աշխատանքից ազատեց օգոստոսին՝ հստակ չբացատրելով պատճառը:

PMCG-ն, որտեղ աշխատանքի է անցել 42-ամյա Գրիգորյանը, միջազգային զարգացման խորհրդատվական ընկերություն է, որի նպատակն է «առաջընթաց ապահովել անցումային և զարգացող երկրներում»: Ընկերությունը գրասենյակներ ունի ԱՄՆ-ում, Իռլանդիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Լեհաստանում, Ուզբեկստանում ու Հայաստանում:

Պաշտոնական կայքում, ի թիվս այլ նախագծերի, նշվում է նաև, որ PMCG-ն սկսում է Տրանսկասպյան առևտրային երթուղու (TCTR) ծրագրի իրականացումը։ Այն ընդգրկում է Կենտրոնական Ասիայի երկրները՝ Տաջիկստանը, Ղրղըստանը, Թուրքմենստանն ու Ուզբեկստանը, ֆինասավորվողը ԱՄՆ պետքարտուղարությունն է, իսկ ծրագրի պատվիրատուն AECOM-ը: Հենց այս ընկերությունն է Հայաստանում իրականացնում ԹՐԻՓՓ-ի տեղանքի ուսումնասիրությունը:

PMCG-ն անցած տարի ևս մեկ ծրագիր է իրանացրել Հայաստանում՝ ուղղված գյուղատնտեսական շղթաների ամրապնդմանը: Պատվիրատուն Շրջակա միջավայրի նախարարությունն է եղել: