Ռուսական զինուժը հարձակվել է Մոլդովայի հետ սահմանին գտնվող ուկրաինական «Ստարոկոզաչյե» միջազգային ավտոմոբիլային անցակետի վրա, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նրա խոսքով՝ հարվածի ժամանակ զոհվածներն ու վիրավորները գտնվել են անցակետի մոտ։ Եվս 16 մարդ ավտոբուսով տարհանվել է անվտանգ հեռավորության վրա։
Կիպերը հավելել է, որ ռուսական զինվորականները հարձակման ժամանակ օգտագործել են հարձակողական անօդաչու թռչող սարքեր։
Հարձակման հետևանքով վնասվել են շենքեր, ոչնչացվել են ավտոբուսներ, բեռնատարներ և մեքենաներ: Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ տեղում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ սահմանի այս հատվածում մարդկանց և տրանսպորտային միջոցների ստուգումը դադարեցվել է: Մոլդովայի իշխանությունները տեղեկացվել են միջադեպի մասին:
Սա Մոլդովայի հետ սահմանային անցակետի վրա Ռուսաստանի կողմից հարձակման առաջին դեպքը չէ 2026 թվականի օգոստոսի սկզբից ի վեր։ Նախկինում հարձակման են ենթարկվել «Վինոգրադովկա» միջազգային ավտոմոբիլային սահմանային անցակետը և Տաբակի ավտոմոբիլային սահմանային անցակետը։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի 9-ի գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ, S8000 «Բանդերոլ» հրթիռային անօդաչու թռչող սարքեր և 196 գրոհային անօդաչու թռչող սարք, որոնցից 165-ը ուկրաինական ուժերը խոցել են։
Օդեսայի մարզից բացի՝ ռուսական ռազմական ուժերը հարձակվել են նաև Ուկրաինայի այլ շրջանների վրա։ Կիևում անօդաչու թռչող սարքը հարվածել է Դարնիցկիի շրջանում գտնվող 16-հարկանի շենքին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ հետաքննություն է ընթանում հանգամանքները պարզելու համար: Դնեպրում վիրավորվել է երեք մարդ։ Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժայի խոսքով՝ վնասվել է բնակարանային շենք, մասնավոր տներ և շինանյութերի պահեստ։
Ուկրաինական կողմն իր հերթին անօդաչուներով հարձակվել է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի վրա, սպանվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին, այդ թվում՝ ռազմանավերի, կա 4 զոհ, 29 վիրավորՌուսաստանը կրկին հարվածել է Կիևին․ երեք մարդ զոհվել է, ևս 19-ը՝ վիրավորվելՕդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվելՌԴ երկնքում «այլևս անվտանգ վայրեր չկան». Զելենսկին կոչ է արել հաշվի առնել սա