Հայաստանի իրավապահ համակարգը քրեական վարույթ չի նախաձեռնել ու չի քննում Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր կողմից «Միլոն մայնինգ» ընկերությանը ենթադրյալ վնասներ հասցնելու համար։
Ավելի վաղ, կառուցապատող «Միլոն մայնինգ»-ի ներկայացուցիչները «Հետք»-ին պատմել էին, որ պատգամավորի եղբայրը, «Միլոն մայնինգ»-ում զբաղվելով բնակարանների վաճառքով, գնորդներից հավելյալ գումարներ է վերցրել, բայց ընկերության հաշիվներին դրանք մուտք չի արել։
«Ավետ Կոնջորյանը զբաղվում էր բնակարանների վաճառքով։ Եղել են դեպքեր, որ եկել, խնդրել է՝ զեղչեր անենք, 1 քմ-ն 450.000 դրամի փոխարեն 430.000 դրամ հաշվենք, իսկ գնորդներից վերցրել է 440.000 դրամ։ Էդպես յուրաքանչյուր քմ-ի մեջ 10.000 դրամ է աշխատել։ Բացի դա, այն մարդկանցից, որոնք բնակարանները գնել էին տարաժամկետ վճարման պայմանով, վերցրել է կանխիկ գումարներ, որոնք մուտք չի արել ՍՊԸ-ի բանկային հաշվին», - հայտնել էր «Միլոն մայնինգ»-ի ներկայացուցիչ Լավրենտ Հարությունյանը։
Այս հայտարարությունից մոտ 1.5 ամիս անց իրավապահները որևէ քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Գլխավոր դատախազությունը հուլիսի 31-ի «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել էր, որ «Միլոն մայնինգ»-ի ներկայացուցիչների պնդումների վերաբերյալ հրապարակումն ուղարկել է օպերատիվ ստուգողական գործողությունների։
Քննչականը իրականացրել է այդ «օպերատիվ ստուգողական գործողությունները», սակայն, ինչպես Կոմիտեից օգոստոսի 25-ին հայտնել են «Ազատության»-ը՝ գործ չի հարուցվել, քանի որ «առերևույթ հանցանքի մասին հաղորդում չի ստացվել»։ Այլ կերպ ասած՝ իրավապահները սեփական նախաձեռնությամբ, մամուլի հրապարակման հիման վրա վարույթ չեն նախաձեռնել, չնայած Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ «քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ կարող են լինել նաև զանգվածային լրատվության միջոցներում առերևույթ հանցանքի մասին հրապարակված տեղեկությունները»։
Ավետ Կոնջորյան, արխիվ
Ինչո՞ւ «Միլոն Մայնինգ»-ը հաղորդում չի ներկայացնում իրավապահներին
Իսկ ինչո՞ւ «Միլոն մայնինգ»-ը հաղորդում չի ներկայացնում իրավապահներին՝ Կոնջորյանի գործողություններին քրեական ընթացք տալու համար։ Ընկերության իրավաբան Լավրենտ Հարությունյանը պատասխանեց՝ ինքը դեռ հստակ լիազորություն չի ստացել:
«Կուլիսներում հարցեր լուծելու մասին խոսք չկա, դա կիրառելի չէ մեզ համար….եթե կա անհրաժեշտություն, ես լիազորություն կստանամ ու կգործեմ, այս պահին այդ լիազորությունը չունեմ», - ասաց «Միլոն մայնինգ»-ի ներկայացուցիչը։
Ընկերությունը դեռ հստակ թվեր չի ներկայացրել Կոնջորյանի կողմից իրենց պատճառված վնասի վերաբերյալ. ըստ Հարությունյանի՝ «այս դեպքերը բացահայտվել են բնակարանների փոխանցման ակտերի կազմման ժամանակ», դեռ բոլոր փոխանցումների ակտերը չէ, որ կազմվել են, «բայց վնասը էական է»։ «Մենք այդ վնասները հենց այսօր էլ կրում ենք ու ոչ մի կերպ չենք կարողանում վերականգնել»։
Սրան զուգահեռ՝ կառուցապատող «Միլոն մայնինգ»-ի ու Կոնջորյանների միջև կա նաև դատական կոնֆլիկտ։ Ընկերությունը քաղաքացիական դատարան է դիմել՝ պահանջելով լուծել Հայկ Կոնջորյանի մոր ու քրոջ կողմից ձեռք բերված բնակարանի գնման իրավունքի պայմանագիրն ու ավելի քան 900 հազար դրամի տույժեր բռնագանձել՝ համապատասխան մարումներ չիրականացնելու համար։
«Մեր կողմից կառուցվող մյուս համալիրում, տարաժամկետ վճարման պայմանագրով գնման իրավունք ենք վաճառել Արմինե և Օֆելյա Կոնջորյաններին։ Պայմանագրով նախատեսված ժամկետներում պիտի տարաժամկետ վճարումներ կատարվեր, բայց ոչ մի վճարում չի կատարվել, 0 դրամ է վճարվել», - ասաց իրավաբանը, մանրամասնելով, որ արտադատական կարգով պայմանագիրը լուծելու առաջարկ են ներկայացրել պատգամավորի ընտանիքի անդամներին, բայց խնդիրը չի լուծվել։
Հարությունյանի խոսքով՝ այս գործը դատաքննության փուլում է ու առաջիկայում կավարտվի։
Սա միակ պատմությունը չէ
«Միլոն մայնիգ»-ի հետ կապված այս վեճը միակ պատմությունը չէ: Հուլիսին հայտնի դարձավ, որ Ավետ Կոնջորյանյանին ծեծել են: Հինգ հոգու մեղադրանք առաջադրվեց՝ ֆիզիկական ներգործության հոդվածով: Պարզվեց մեղադրյալներից մեկը՝ Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանը Կոնջորյանի նախկին ընկերն ու գործընկերն է։ Հակոբյանը նորակառույցների վաճառքով զբաղվող «Միլոն Ռիելթի» ընկերության փոխտնօրենն էր, Կոնջորյանը՝ տնօրենը։ «Միլոն Ռիելթի»-ն ու «Միլոն մայնինգ»-ը փոխկապակցված ընկերություններ են:
Նաիրի Հակոբյանի ընտանիքի անդամները «Ազատությանը» պատմել էին, որ ծեծին նախորդած շրջանում Կոնջորյանը մեքենայով բազմիցս մոտեցել է իրենց տանն ու սեռական հայհոյանքներ հնչեցրել, նաև այդ մասին վկայող տեսանյութեր տարածվեցին։ Ավելի ուշ մի գործ էլ հարուցվեց Ավետ Կոնջորյանի կողմից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով: