Իրանի կառավարությունը հայտարարել է, որ բարձրացնում է բենզինի գինը այն սպառողների համար, որոնք ամսական ավելի քան 110 լիտր վառելիք են օգտագործում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Թեհրանն այս որոշումը կայացրել է ԱՄՆ պատժամիջոցների և ամերիկյան զինուժի կողմից երկրի նավահանգիստների շրջափակման ֆոնին, ինչը շարունակում է կաթվածահար անել երկրի տնտեսությունը։
Կառավարության խոսնակ Ֆաթեմեհ Մոհաջերանին ասել է, որ առաջին և երկրորդ քվոտաների գինը, որոնք թույլ են տալիս մինչև 110 լիտր վառելիք գնել, կմնա անփոփոխ։
Սակայն, երրորդ քվոտայի գինը կկրկնապատկվի՝ հասնելով մեկ լիտրի համար 100,000 իրանական ռիալի՝ մոտ 4.5 ԱՄՆ ցենտ՝ հիմնվելով ազատ շուկայի գների վրա (ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 1,374,600 ռիալով)։ Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 8-ից։
Մոհաջերանիի խոսքով՝ մյուս վարորդները դեռ կկարողանան գնել 60 լիտր՝ մեկ լիտրը 15,000 ռիալով և ևս 50 լիտր՝ մեկ լիտրը 30,000 ռիալով։
Իրանական բենզինի գինն աշխարհում ամենացածրերից է։ Կառավարությունը քննարկել է գնի ավելի համատարած բարձրացում, սակայն իշխանությունները հետաձգել են՝ հավանաբար մտահոգված լինելով, որ դա կարող է բողոքի նոր ալիքի հանգեցնել:
Իրանը նավթի խոշոր արտադրող է և տարիներ շարունակ մեծապես սուբսիդավորել է գները, այսինքն՝ ցանկացած փոփոխություն քաղաքական առումով կարող է զգայուն լինել։ 2019 թվականին վառելիքի գնի բարձրացումից հետո լայնածավալ բողոքի ցույցեր բռնկվեցին։