Իրանը Քուվեյթում և ԱՄԷ-ում ԱՄՆ ռազմաբազաների է հարվածել

Արխիվ

Իրանի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Բանակի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ «Կայծակ» անվանումով գործողության շրջանակում Քուվեյթում իրանական զինուժը հարվածել է Ահմադ ալ-Ջաբեր բազայի արբանյակային կապի համակարգերին, սարքավորումների պահեստներին և կործանիչների անգարներին:

Կիսապաշտոնական Tasnim լրատվական գործակալության տարածած հաղորդադգությունում ասվում է, որ հարվածների ժամանակ կիրառվել են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք վնասել են կապի համակարգերը և ինքնաթիռների պահեստները։

Բանակը նշել է, որ այս բազան «կարևոր դեր է խաղում» տարածաշրջանում ԱՄՆ ուժերին և նրանց օդային ու հետախուզական գործողություններին աջակցելու գործում։

Բանակը նաև հայտնել է, որ հարվածել է ԱՄԷ-ի Ալ Մինհադ ավիաբազայում գտնվող զորքերի տեղակայման վայրերին և ռադարային համակարգերին, որը բանակը նկարագրել է որպես «օտարերկրյա ուժերի աջակցության և օդային շարժունակության կարևոր կենտրոն»։

Իրանի բանակը հարվածները որակել է որպես իր զինված ուժերի նախկին կորուստների համար տրվող պատասխան և զգուշացրել, որ հետագա հարձակումներին իր պատասխանը «կլինի կոշտ և կործանարար» և կշարունակվի «մինչև վերջնական հաղթանակը»։

ԱՄՆ-ն և Իրանը երեկ էին հարվածներ փոխանակել: Ամերիկյան հարվածներից Իրանում 19 մարդ է սպանվել, վիրավորվել ավելի քան 50-ը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի դեմ վերսկսված ռազմական գործողությունները «շատ երկար» չեն տևի, սակայն Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նոր հարվածներ հասցնել։