Ռուսաստանը հարվածել է Օդեսային. կա 8 վիրավոր, վնասվել են շենք-շինություններ

Ռուսական զորքերը գիշերը զանգվածային հարձակում են գործել Օդեսայի վրա, հայտնել են Օդեսայի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը և շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը։

Պաշտոնյաների փոխանցմամբ՝ վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ հինգ տարեկան երեխա։ Երկու մարդ հոսպիտալացվել է։ Օլեգ Կիպերն ասել է, որ հարձակման թիրախը քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներն են։

Օդեսայում վնաս է հասցվել 24 հարկանի բնակելի շենքի մի քանի բնակարան և մոտակայքում կայանված մեքենաներ, ինչպես նաև երկու լիցեյների, բիզնես կենտրոն և պահեստներ:

Կրթական հաստատություններին պատճառված վնասի պատճառով ուսուցումը ժամանակավորապես կազմակերպվել է հեռավար, ասել է մարզային վարչակազմի ղեկավարը։

Կիևի Գոլոսիևսկի շրջանում կործանված անօդաչուի բեկորների հետևանքով բաց տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Բուչա շրջանի Վիշնևո քաղաքում երկու թաունհաուս է այրվել։ Ուկրաինայի պետական արտակարգ ծառայության (ԱԱՊԾ) տվյալներով՝ հրդեհը մարվել է, և ավերակները մաքրվում են։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռ, երկու «Х-59/69» կառավարվող հրթիռ և 174 անօդաչու թռչող սարք։ Ուկրաինական ուժերը խոցել են 141 թիրախ (138 անօդաչու թռչող սարք և երեք «Ս8000 Բանդերոլ» անօդաչու թռչող սարք)։