Մատչելիության հղումներ

Գերագույն Ռադան քննարկում է նիստերը նկուղ տեղափոխելու հնարավորությունը

Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, սեպտեմբերի 1,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները Կիևում, սեպտեմբերի 1,2026թ.

Ռուսական օդուժն անցած գիշեր շարունակել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ողջ տարածքին՝ ներառյալ մայրաքաղաք Կիևին։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ գիշերային հարվածների հետևանքով Կիևում և արվարձաններում առնվազն 4 մարդ զոհվել է, ևս 13-ը վիրավորվել են։ Հարվածների հիմնական թիրախներից մեկը եղել է Կիևի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գտնվող Բորիսպոլ քաղաքը։

«Որտեղ այն փոսն է՝ իմ մեքենան էր։ Իմ երկրորդ՝ աշխատանքային մեքենայի վերջը ևս եկել է։ Մենք ինքներս Դոնբասից ենք։ 2014 թվականից մեր բախտը չի բերում»,- Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Բորիսպոլի բնակիչ Եվգենի Զավգորոդնին։

Հարվածները շարունակվել են նաև առավոտյան, ինչը առիթ է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ռուսներին «վերջացած մարդիկ» անվանել, որոնք Ուկրաինայի նախագահի խոսքով, խաղաղ բնակավայրերին հարվածներ են հասցնում անգամ ուսումնական տարվա առաջին օրը։

Ուկրաինացի ռազմական փորձագետները նկատում են՝ վերջին շաբաթներին ռուսական զորքերը արմատապես փոխել են օդային հարվածների մարտավարությունը։ Եթե նախկինում դրանք իրականացվում էին օրական մի քանի անգամ, ապա այժմ օդային հարձակումներն անդադար, գրեթե շուրջօրյա բնույթ են կրում։ Բացի այդ, ռուսական բանակը սկսել է կիրառել իրանական արտադրության «Շահեդ» հարվածային դրոնների նոր՝ ռեակտիվ շարժիչով տարբերակները, որոնց ոչնչացումն անհամեմատ ավելի դժվար է։

Ռուսական հարվածների հետևանքները՝ Բորիսպոլում, սեպտեմբերի 1,2026թ.
Ռուսական հարվածների հետևանքները՝ Բորիսպոլում, սեպտեմբերի 1,2026թ.

Որպես հետևանք երեկ արդեն երկրի խորհրդարանում քննարկում էին լիագումար նիստերը ապաստարան տեղափոխելու հնարավորությունը՝ նշելով, որ դա օրենսդիր մարմնի բնական աշխատանքն ապահովելու միակ իրատեսական տարբերակն է։

Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն այսօր նույնիսկ ցուցադրեց թե ինչ պայմաններում կարող են աշխատել խորհրդարանականները եթե որոշեն տեղափոխվել Գերագույն ռադայի շենքի նկուղ։ Ըստ Գոնչարենկոյի՝ այդ դեպքում օրենսդիրներից ոմանք ստիպված կլինեն ոտքի վրա մնալ, էլեկտրոնային քվեարկությունն էլ կկազմակերպվի հեռախոսների միջոցով։

Նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, սակայն այսօր Ռադայի ամբիոնից կտրանականպես դեմ արտահայտվեց խորհրդարանի նկուղ տեղափոխվելու առաջարկին։

«Վերջ տվեք հեռախոսներով նկուղից քվեարկելու հակասահմանադրական խոսակցություններին։ Ովքեր վախենում են՝ պետք է վայր դնեն մանդատները և լքեն խորհրդարանը։ Բարի եղեք Սահմանադրությամբ ամրագրված ձեր պարտականությունները կատարել նիստերի դահլիճից՝ առանց անհատական քվեարկության կանոնները խախտելու»,-այսօր Ռադայի ամբիոնից հայտարարում էր Պորոշենկոն։

Վերջի մեկ-մեկուկես ամսում փոփոխված ռուսական մարտավարության ևս մեկ հետևանքը Ուկրաինայի սպառողական շուկայում օրեցօր աճող լարվածությունն է։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական կողմը համակարգված հարվածներ է հասցնում երկրի խոշորագույն առևտրային ցանցերին՝ թե՛ պահեստներին, և թե՛ բուն հիպերմարկետներին։ Որպես հետևանք այս պահի դրությամբ Ուկրաինայի խոշորագույն առևտրային ցանցերից մեկի՝ «Էպիցենտրի»՝ Զապորոժիեի մարզում գտնվող բոլոր խանութները ոչնացված են։ Ոչնչացվել է նաև «Էպիցենտրի»՝ Օդեսայում գտնվող խոշորագույն առևտրի կենտրոնը։

Տեղական մամուլում արդեն լուրեր են պտտվում, որ ցանցի սեփականատերերը պատրաստվում են փակել գրեթե մեկ միլիոն բնակչություն ունեցող Օդեսայում գտնվող իրենց բոլոր խանութները՝ դրանք տեղափոխելով երկրի արևմտյան՝ համեմատաբար անվտանգ շրջաններ։ Հարվածների թիրախում է նաև ուկրաինական ևս մեկ սուպերմարկետների ցանցը՝ ATB-ն։ Անցած շաբաթ այն ստիպված էր հայտարարել մի շարք ապրանքատեսակներ՝ այդ թվում մակարոնեղենի, ձեթի և շաքարավազի վաճառքի սահմանափակումների մասին։ Ուկրաինային սպառնացող պարենային ճգնաժամի մասին օրերս գրեց նաև ամերիկյան ամենահեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը։

«Այն բանից հետո, երբ ուկրաինական դրոնները ոչնչացրեցին էլեկտրոնային առևտրի ռուսաստանյան խոշորագույն պահեստները, Մոսկվան փոխեց իր մարտավարությունը՝ կենտրոնանալով քաղաքացիական թիրախների՝ մասնավորաբար առևտրի կենտրոնների վրա։ Հարձակումների հետևանքով ուկրաինական սուպերմարկետների դարակներից անհետացավ թարմ պարենամթերքը՝ մասնավորաբար թթվասերը, յոգուրտներն ու կաթնաշոռը։ Այսպիսով, ռուսական հարվածները լուրջ կասկածներ առաջացրեցին, թե դեռ որքան կկարողանան առևտրային ցանցերն իրենց խանութներն ապրանքներով ապահովել»,-գրում է ամերիկյան պարբերականը։

Ընդունելով, որ վերջին շրջանի ռուսական հարվածները խնդիրներ են առաջացրել սննդամթերքի մատակարարումների հարցում՝ ուկրաինական իշխանությունները այնուհանդերձ պնդում են՝ ծագած խնդիրները անլուծելի չեն։ Ուկրաինայի գյուղատնտեսության նախարար Տարաս Վիսոցկին, ընդունելով, որ սուպերմարկետների մատակարարման շղթաների 90 տոկոսը ոչնչացված է, օրերս հայտարարեց՝ «Սովի կամ պարենամթերքի համակարգային դեֆիցիտի վտանգ երկրում չկա»։

XS
SM
MD
LG