ՌԴ-ում ընտրություններից հետո զորահավաք չի լինի, Ուկրաինայի հետ բանակցությունները սառեցված են. Պուտին

Վլադիմիր Պուտին, Ռուսաստանի նախագահ, 1-ը սեպտեմբերի, 2026 թ․

Ռուսաստանում ընտրություններից հետո զորահավաքի մասին լուրերն «անհեթեթություն» են, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

«Սա տեղեկատվական հարձակում է Ռուսաստանի վրա»,- պնդել է Վլադիմիր Պուտինը:

Կրեմլի ղեկավարն արձագանքել է Ուկրաինայի նախագահի հայտարարությանը, որ Ռուսաստանի օդային տարածքն այլևս անվտանգ չէ՝ ասելով, որ դա «պետական ահաբեկչության հայտ» է։ «Եթե, Աստված մի արասցե, նման ողբերգություններ տեղի ունենան, մենք կգտնենք արձագանքելու միջոցը», - ասել է նա։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն հարձակվում Ուկրաինայի ղեկավարության վրա, քանի որ քննարկում են նրա մասնակցության հնարավորությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և բանակցային գործընթացին։ «Բայց ահաբեկիչների հետ չես բանակցի»,- ասել է նա։

Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ ռազմական գործողությունների գոտում գտնվող ռուսական զորքերն արագացնում են իրենց հարձակման տեմպը։ Մասնավորապես, նա հայտնել է, որ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության»՝ Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սվյատոգորսկ քաղաքն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ռուս զինվորականները նաև հրաման են ստացել «լայնածավալ հարվածներ սկսել ուկրաինական էներգետիկ օբյեկտներին»։ «Նրանք հարվածում են մեր ենթակառուցվածքներին, մենք էլ կպատասխանենք», - ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը խոստովանել է, որ այս հակամարտության հիմնական մարտահրավերն անօդաչուներն են: «Այս պահին հիմնական մարտահրավերը, իհարկե, անօդաչու թռչող սարքերն են, և բոլոր վայրերում՝ ջրի տակ, ծովում, ցամաքում և օդում: Եվ սա մեզ համար մարտահրավեր է, լուրջ մարտահրավեր է, մենք հաղթահարում ենք այն»,- ասել է նա:

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Եվ մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դա անել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացը ներկայումս «սառեցված է»։

Նա նաև հայտնել է, որ Ռուսաստանում ուկրաինական հարձակումների հետևանքով վնասված նավթավերամշակման գործարանների մեծ մասը վերանորոգվել է, մնացել է միայն 10%-ը:

Կրեմլի ղեկավարն անդրադարձել է նաև Ռուսաստանում կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների պաշտպանության մասին՝ վերջերս ստորագրած իր հրամանագրին՝ պնդելով, որ այն տալիս է ժամանակավոր կառավարում մտցնելու իրավունք, սակայն չի ենթադրում այդ օբյեկտների պետականացում:

Պուտինը նաև արձագանքել է Լայպցիգի օդանավակայանի վրա հարձակման համար Ռուսաստանի հասցեին Գերմանիայից հնչող մեղադրանքներին՝ պնդելով, թե դա հիմնականում պայմանավորված է Գերմանիայի ներքաղաքական գործընթացներով։ «Բիզնեսները փակվում են, աշխատատեղերը կորչում են։ Անհասկանալի է, թե ինչու է այս ամենն արվում։ Կա միայն մեկ բացատրություն՝ ագրեսիվ Ռուսաստանին դիմակայելու համար։ Որտե՞ղ են ապացույցները», - ասել է Պուտինը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գերագույն Ռադան քննարկում է նիստերը նկուղ տեղափոխելու հնարավորությունը