Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց. «Ազատությանը» հայտնեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ավելի վաղ շտապօգնության մեքենա էր ժամանել Հակակոռուպցիոն կոմիտե:

Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է շտապբուժօգնություն: Հետագա հետազոտության նպատակով երկրորդ նախագահը տեղափոխվել է համապատասխան բժշկական հաստատություն:

«Ռոբերտ Քոչարյանը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության և բժիշկները հարկ են համարել հավելյալ ստուգումներ անցկացնել», - այս մասին «Ազատությանը» փոխանցեց նրա խոսնակ Բագրատ Միկոյանը:

Քոչարյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է: ԲԿ-ի տնօրեն Նարեկ Զեյնալյանն «Ազատությանը» հայտնեց, որ այս պահին երկրորդ նախագահը հետազոտվում է:

Ռոբերտ Քոչարյանն ու և նրա որդին՝ գործարար Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են այսօր վաղ առավոտյան: Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս չորս անձ, նրանց անունները իրավապահները, սակայն, չեն նշել:

Փաստաբանի փոխանցմամբ՝ Սեդրակ Քոչարյանին տանում են դատարան՝ կալանքի հարցը քննարկելու:

Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ չի հայտնել, մյուս ձերբակալվածների նկատմամբ կալանավորման միջնորդություն կներկայացվի՞, թե՞ ոչ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռոբերտ Քոչարյանին և որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել