Հայաստանի 29 743 քառակուսի կմ տարածքի հաշվարկի մեջ չեն մտնում էն անկլավները, որոնց մասին ասել եմ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշխինյանը՝ «Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան։
Մանուկյանը մասնավորապես հարցրել է. «Մի քանի տարի առաջ ասել եք, որ Հայաստանում անկլավ չկա, պնդում էիք, որ Տիգրանաշենի հարցում որևէ խնդիր չկա, կասե՞ք՝ ի՞նչ փաստաթուղթ Ձեզ տվեցին, Մհեր Գրիգորյանի՞ն տվեցին, որ դու անթաքույց հրապարակային խոսում եք Տիգրանաշենը հանձնելու, չհաշված մյուս անկլավների անուններ եք տալիս, հանձնելու մասին»
«Շատ կարևոր է, որ միջպետական էթիկա ձևավորենք։ Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ Արարատի մարզի Արարատ գյուղին ասում ենք Դավալու, իսկ Քյարքին ասում ենք Տիգրանաշեն։ Պրոբլեմը դա է»,- ասել է նա և հավելել, որ «սա է հայրենիքից դուրս հայրենիք փնտրելը»։
«Գնալ ձեր ասած տրամաբանությամբ, նշանակում է հրաժարվել է Արծվաշենից, Ջերմուկի էն տարածքներից, որոնց մասին մենք անընդհատ կարևոր ենք համարում խոսել, նշանակում է հրաժարվել սահմանի գոյությունից։ Այլ բան, թե որն է այդ հարցերը լուծելու մեթոդաբանությունը», - նշեց Փաշինյանը:
«Ուժեղ Հայաստան»-ից Նարեկ Կարապետյանն էլ հարց ուղղեց վարչապետին. «Ե՞րբ են իրենք (ադրբեջանական կողմը) ետ վերադարձնելու մեր հողերը Պառավաքարում, Գորիսում, Ջերմուկում: Երկու տարի է սկսվել է դելիմիտացիայի պրոցեսը, առաջին փուլը, բայց ավարտվել է նրանով, որ մենակ մենք ենք տվել մի փոքր բացառություններով: Ե՞րբ են ետ տալու մեր հողերը, որպեսզի մենք իմանանք, որ միակողմանի չի սա»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Մեր հողերը ե՞րբ են տալու, սահմանազատման արդյունքում: Այդ հողերի մերը լինելու փաստը... Ես դրա համար եմ ասում Քյարքի, ոչ թե նրա համար, որ ես ադրբեջանամետ եմ, այլ ես հասկանում եմ, որ եթե կասկածի տակ դրվեն այն քարտեզները, որոնք այսօր գտնվում են այն իրավական հիմքում խաղաղության, բոլոր կսկսեն կասկածի տակ առնել այդ քարտեզները: Ինչքան մենք այս հարցի նյարդը զրոյացնենք, այդքան այդ հարցը կլուծվի շատ պարզ տեխնիկական լուծումով. այդ տարածքները մենք փոխադարձաբար սահմանի երկայնքով կփռենք ու ճշգրիտ.... Մի բան ակնհայտ է՝ Հայաստանի տարածքը 29 743 քառակուսի կմ է լինելու այդ ամեն ինչի արդյունքում, ինչպես դե յուր է այս պահին»:
Փաշինյանն օրերս ևս անդրադարձել էր անկլավների թեմային՝ նշելով, որ այս հարցով «այսօր չունենք ոչ մի պայմանավորվածություն»: