ՔՊ-ն կաջակցի՞ Լիաննա Մանուկյանի թեկնածությանը. իշխող խմբակցությունը դեռ չի հստակեցնում

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, արխիվ

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս չի հրապարակում իր դիրքորոշումը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից առաջադրված Լիաննա Մանուկյանի ընտրության հարցում:

Նախօրեին ՔՊ-ն դեմ էր քվեարկել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Հայկ Ֆարմանյանին:

Իշխող խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ասաց, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն քվեարկությամբ, վերջում հաջողություն մաղթեց Լիաննա Մանուկյանին: Արդյո՞ք սա նշանակում է, որ կողմ են քվեարկելու, պարզ չէ:

Հաշվիչ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի կունենա 16:50-ին և կտևի 45 րոպե:

Չնայած ՔՊ-ն չի հստակեցնում, թե ինչ որոշում ունի, բայց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե ընդդիմադիր խմբակցություններում քանի բացակա կա: Ենթադրվում է, որ այս անգամ իշխող ուժը կողմ կքվեարկի «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին: Հենց «Քաղաքացիական պայմանագրի» քվեարկության արդյունքներից է կախված՝ Լիաննա Մանուկյանը կընտրվի, թե՞ ոչ:

Նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» և «Հայաստան» խմբակցությունների թեկնածուներն ընտրվեցին Ազգային ժողովի հանձնաժողովների նախագահներ, «Ուժեղ Հայաստան»-ի բոլոր երեք թեկնածուներն էլ չընտրվեցին:

Առանց ՔՊ-ի ընդդիմադիրներն ընտրվելու շանս չունեն: «Ուժեղ Հայաստան»-ից մյուս երկու հանձնաժողովների նախագահների իրենց թեկնածուների անունները չեն հրապարակում: Խմբակցության քարտուղարը հստակ չպատասխանեց նաև «Ազատության» հարցին՝ փոխելո՞ւ են մյուս երկու թեկնածուներին, թե՞ ոչ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Ես անհամբեր եմ Փաշինյանի հետ հանդիպմանը». Ղազարյանը հորդորեց չձգձգել ԱԺ աշխատանքները«Ուժեղ Հայաստան»-ի 3 թեկնածուներն էլ չեն ընտրվել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ