«Ուժեղ Հայաստան»-ից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ երեկվա քննարկումներից հետո, հուսով է՝ չի ընտրվի:
Խորհրդարանում այժմ ընթանում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը: Օրեր շարունակ իշխող ուժը չի հստակեցնում, թե ինչպես կքվեարկի ընդդիմադիր թեկնածուների դեպքում: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմադիրները չեն կարող ընտրվել:
«Եթե չընտրվեմ, իսկ ես հույս ունեմ, որ չեմ ընտրվի, որովհետև փաստացի ես նշեցի, որ ես ունեմ այս հանձնաժողովի հետ կապված իմ, մեր ֆրակցիայի որոշակի մոտեցումները, որ պետք է անկեղծ լինենք մեր ժողովրդի հետ, պետք է աշխատենք հենց մեր ժողովրդի առօրյա կյանքում որակական փոփոխություններ մտցնելու հետ, մտցնելու ուղղությամբ, կարծես թե այդ օրը պատգամավորների, հատկապես, ոչ թե հատկապես, մասնավորապես «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները այդպես չէին կարծում, և եթե նրանք այդպես չեն կարծում, հետևաբար կա արդեն իսկ որոշակի տարբերություն մոտեցումների», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը։
Նա նշեց՝ չընտրվելու դեպքում իր կյանքում ոչինչ չի փոխվելու. «Մենք եկել ենք Ազգային ժողով աշխատելու, անկախ նրանից՝ որ հանձնաժողովում լինի, այդ հանձնաժողովում ինչ կարգավիճակում լինի, շարունակելու ենք ինտենսիվ աշխատանքները, թե այլ թեկնածու կլինի, կառաջադրվի, թե ոչ, ֆրակցիան կորոշի ու կհասկանանք»։
«Ազատության» հարցին՝ «ասում ենք՝ հուսով եք չեք ընտրվի, եթե չէիք ուզում հանձնաժողովը ղեկավարլ, խմբակցությունում եղե՞լ է քննարկում՝ ինչու՞ հենց ձեր թեկնածությունն է առաջադրվել», նա պատասխանեց. «Այդ օրը, ոչ, ես մեծ ցանկություն ունեի այդ աշխատանքի պարտավորությունները ստանձնելու, բայց հենց այդ օրը, երեկ բոլորս ականատես եղանք, որ այնուամենայնիվ հարցադրումների մեծ մասը չէր վերաբերում Եվրաինտեգրմանը, այլ վերաբերում էին այլ հարցերի»:
Դիտարկմանը՝ այսինքն՝ երեկվա քննարկումից հետո եք եկել այն կարծիքին, որ «հուսով եք չեք ընտրվի», Արեգ Հովսեփյանը պատասխանեց. «Իհարկե, երեկվա քննարկումից հետո, իհարկե, որովհետև եթե չուզենայի, չէի էլ առաջադրվի, անտրամաբանական կլիներ: Բայց եթե ընտրվեմ, ես ամբողջովին լծվելու եմ այդ աշխաըանքին իմ ամբողջ ներուժով»: