Իշխող խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը առայժմ չի հաստատում և չի հերքում տեղեկությունները, թե ՔՊ-ն որոշել է խորհրդարանական հանձնաժողովների ընդդիմադիր չորս թեկնածուներից միայն «Հայաստան»-ից Լիլիթ Գալստյանին ընտրել:
Գալստյանը առաջադրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Երեք թեկնածու էլ առաջադրել է մյուս ընդդիմադիր՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ Եվրոպական ինտեգրման, Տարածքային կառավարման և Ֆինանսավարկային հանձնաժողովների նախագահների պաշտոններում: Մյուս 8 հանձնաժողովների նախագահների թեկնածուներին առաջադրել է իշխող ուժը:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ճի՞շտ են արդյոք «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին մամուլում տարածված տեղեկությունները, Արուսյակ Մանավազյանը ասաց. - «Հաշվիչ հանձնաժողովը կհայտարարի արդյունքները, դրանից հետո կխոսենք, որովհետև որոշումը այնպիսին է, որ կարտացոլվի ընտրություններում: Ես ոչ հաստատում, ոչ էլ հերքում եմ ցանկացած այլ տեղեկություն, քանի հաշվիչ հանձնաժողովը չի հայտարարել արդյունքները»:
Խորհրդարանում այժմ ընթանում է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:
Օրեր շարունակ իշխող ուժը չի հստակեցնում, թե ինչպես կքվեարկի ընդդիմադիր թեկնածուների դեպքում: Առանց ՔՊ-ի ձայների ընդդիմադիրները չեն կարող ընտրվել: