ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի պատրաստվում երկարաձգել Թեհրանի հետ բանակցությունների համար նախատեսված և արդեն ավարտված ժամկետը։
Հունիսի 17-ին Իսլամաբադում ստորագրված փոխըմբռնման հուշագրով կողմերը 60 օր էին նախատեսել բանակցությունների համար։ Դրանց առանցքային թեմաներն էին Իրանի միջուկային ծրագիրն ու Հորմուզի նեղուցի վերաբացումը։ Ժամկետը, սակայն, ավարտվել է՝ առանց առաջընթացի։
«Նրանք չեն պատրաստվում գնալ այնպիսի համաձայնության, որն, իմ կարծիքով, անհրաժեշտ է», - օգոստոսի 17-ին լրագրողներին ասել է Թրամփը։ Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում նա ավելի կոշտ է արտահայտվել՝ հայտարարելով, որ Իրանը պետք է «հանձնվի» և «բարձրացնի հանձնվելու սպիտակ դրոշը»։
ԱՄՆ նախագահը նաև կրկնել է, որ Վաշինգտոնի գլխավոր նպատակը թույլ չտալն է, որ Իրանը միջուկային զենք ձեռք բերի։
Թեհրանը, իր հերթին, բանակցությունների ձախողման համար մեղադրում է Միացյալ Նահանգներին։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային պնդմամբ՝ հենց Վաշինգտոնն է խախտել փոխըմբռնման հուշագիրը, ինչի հետևանքով բանակցություններն այդպես էլ չեն սկսվել։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ այժմ Թեհրանն ու Մասկատը բանակցում են Հորմուզի նեղուցով առևտրային նավարկությունը վերականգնելու և նոր երթուղիներ ստեղծելու շուրջ։