«Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկներ ունեցողներ էլ». զգուշացումներ՝ ԱԺ-ում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը

Ազգային ժողովում այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դիմելով խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանին ասաց.

«Նախագահողն այս եկու օրն ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման ԱԺ-ի նիստի. երեկ խոսում էր բոքսից, էսօր խոսում է առողջությունից: Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան ու շատ ինքնավստահ տանձիկներ: Հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք, չունենանք պոետիկ երեկոներ»:

ՔՊ-ական Ալխաս Ղազարյանը Կարապետյանին ասաց. «Կարծում եմ՝ շատ լարված եք: Մենք առաջինն ենք շահագրգռված, որպեսզի բարեկիրթ մթնոլորտում անցնեն մեր նիստերը: Ձեր անհանգստությունն այս հարցում ավելորդ է»:

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց. «Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, ես կարծում եմ՝ հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով ու ճարտար լեզվի տիրապետողներով: Պոեզիան կա՛մ ընդունելի է, կա՛մ ընդունելի չէ: Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կամ պոետիկ մեջբերումներ կարող են լինել: Եթե ընդունելի չէ, իր խմբակցության որոշ անդամների, որոնք ամենևին բոքսի տանձիկ չեն, թող պոետիկ իրենց զեղումներն իրենց տանը պատմեն, ոչ հանրային տիրույթում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ազգային ժողովում այսօր շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Ավարտվեց արդեն վեցերորդ հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկումը։

Պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Դավիթ Ղազինյանի թեկնածությանը։

Ղազինյանն իր հիմնական ելույթում առավելապես խոսել էր էներգետիկ ոլորտից՝ պնդելով, որ Հայաստանն այդ առումով ինքնաբավ է։ Նա նաև հայտարարել էր, որ իշխանական պատգամավորներին չի հորդորելու քվեարկել իր օգտին, բայց ընտրվելու դեպքում պատրաստ է համագործակցել բոլորի հետ։

Ղազինյանին հարցեր տալու համար ավելի քան երկու տասնյակ պատգամավոր էր հերթագրվել՝ հիմնականում իշխանական։ Հարցեր հնչեցին նաև նրա նկատմամբ քննվող ընտրակաշառքի գործի վերաբերյալ։ Նախկինում ՀԷՑ-ը ղեկավարած Ղազինյանն այս գործով մեղադրյալ է և որոշ ժամանակ կալանքի տակ է եղել։

Սա ընդդիմության առաջադրած երկրորդ թեկնածուն է։ Ավելի վաղ խորհրդարանը քննարկել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ չի հայտնել՝ ինչպես է քվեարկելու ընդդիմության թեկնածուների հարցով։

Պատգամավորները շարունակեցին քննարկել արդեն Կրթության հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ-ն քննարկեց հանձնաժողովի նախագահի երկրորդ ընդդիմադիր թեկնածուի հարցը ԱԽ քարտուղարի պաշտոնում Արմեն Գրիգորյանին փոխարինեց Ալեն ՍիմոնյանըԱԺ-ն քննարկում է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում