Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի նախորդ գումարման պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա որպես մեղադրյալ է ներգրավված ընտրական հանցագործության դեպքով քննվող վարույթում։ Քննիչը պատրաստվում է դատարանից պահանջել Գրիգորյանի կալանքը։

Ավելի վաղ Գրիգորյանի ձերբակալության մասին հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, սակայն քրեական վարույթից այլ մանրամասներ չէր փոխանցել։

Գրիգորյանը իրավապահների ուշադրության կենտրոնում էր հայտնվել դեռ նախընտրական շրջանում։ Մայիսի 22-ին քննիչները շուրջ յոթ ժամ խուզարկել էին նրա տունը, մեքենան և ԲՀԿ-ի նախընտրական շտաբը՝ առգրավելով փաստաթղթեր ու համակարգիչներ։ Նախկին պատգամավորն այն ժամանակ ասել էր, որ իրավապահները ընտրությունների հետ կապված կրիչներ, փաստաթղթեր, չեկեր ու փոխանցումների վերաբերյալ տվյալներ էին փնտրում։

Նախընտրական շրջանում Հակակոռուպցիոն կոմիտեն մի քանի անգամ հաղորդել էր նաև ԲՀԿ-ի ներկայացուցիչներին վերագրվող ընտրակաշառքի դեպքերի մասին, հրապարակել ձայնագրություններ։ Մասնավորապես՝ Տավուշի մարզում մի շարք ընտրողների գումար էր տրվել՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու և կուսակցության համար համակիրներ հավաքագրելու պայմանով։ Այդ գործով մի քանի մարդ էր ձերբակալվել։

Գրիգորյանն իր տանը և ԲՀԿ-ի շտաբում իրականացված խուզարկությունները քաղաքական էր համարել՝ պնդելով, որ այդ կերպ փորձում են խոչընդոտել իրենց նախընտրական քարոզարշավը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բերման են ենթարկվել Մարտուն Գրիգորյանի հայրը և որդինՄարտուն Գրիգորյանի հայրն ու որդին ազատ արձակվեցին«Մարտո՛ւն ջան, չարյաց փոքրագույն նախընտրելն այլընտրանք չունի». ՀՀԿ-ն՝ Գյումրիում իրավիճակի մասին Մարտուն Գրիգորյանի դաշինքը անհրաժեշտ թվով քվեներ կտա Վարդան ՂուկասյանինՄարտուն Գրիգորյանը հրաժարվեց Գյումրիի ավագանու մանդատիցՄարտուն Գրիգորյանը ՔՊ-ին վրեժխնդրության մեջ է մեղադրում, իշխանությունից դեռ չեն արձագանքել Խուզարկություններ՝ Անդրանիկ Թևանյանի և Մարտուն Գրիգորյանի տներում և գրասենյակներում Գրիգորյանը խուզարկությունը իր քննադատության հետ է կապում