Օմանի հետ համաձայնագիրը «վերջնական փուլում է», սակայն Հորմուզը բացելու համար ԱՄՆ-ը պետք է գործի. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի հետ Հորմուզի նեղուցում նավագնացության նոր ուղիներ սահմանող համաձայնագիրը գտնվում է վերջնական փուլում, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պաշտոնյան օրերս Reuters-ին հայտնել էր, որ Օմանի և Իրանի միջև առաջընթաց է գրանցվել Հորմուզի նեղուցի շուրջ բանակցություններում, և «ակնկալվում է, որ շուտով համաձայնություն ձեռք կբերվի»։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախօրեին հայտարարել է, որ չի վերաբացի Հորմուզի նեղուցը, որը կենսական նշանակություն ունի համաշխարհային տնտեսության համար, քանի դեռ ԱՄՆ-ն չի կատարել Թեհրանի կողմից ներկայացված պայմանները, այդ թվում՝ պատերազմի հետևանքով պատճառված վնասների համար փոխհատուցում տրամադրելու պահանջը։

Իրանի անվտանգության հարցերով պատասխանատու Մոհամմադ Բաղեր Զոլղադրն էլ ավելի վաղ ներկայացրել էր Հորմուզի նեղուցը վերաբացելու մի շարք պահանջներ, այդ թվում՝ դադարեցնել «Իրանի և նրա դաշնակիցների դեմ իրականացվող պատերազմն ու ագրեսիան՝ Լիբանանում, Պաղեստինում, Եմենում և Իրաքում»։

Արաղչին հայտարարել է, որ Իրանը և ԱՄՆ-ը բանակցություններ չեն վարում, և Թեհրանը չի պատրաստվում դրանք սկսել, քանի դեռ Վաշինգտոնը խախտում է հունիսին կնքված ժամանակավոր համաձայնագիրը: Ըստ նրա, հաղորդագրությունները փոխանակվում են միջնորդների միջոցով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ը «Իրանի հետ զուսպ է գործում»։ «Մենք նրանց հետ միայն մասամբ ենք բանակցում։ Մենք պարզապես հետևում ենք Իրանին՝ հսկայական գնաճին և այն փաստին, որ նրանք փող չունեն», - նշել է Թրամփը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է»Թրամփը հայտնում է՝ ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»