Պուտինը կրկին պահանջել է հանրաքվե անցկացնել՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջին անգամ հունիսյան խորհդարանական ընտրություններից ի վեր։

Ըստ պաշտոնական Երևանի, կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, և խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ :

Կրեմլի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցում Վլադիմիր Պուտինը վերահաստատել է մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ անդամ երեք երկրների ղեկավարների հետ ընդունած համատեղ հայտարարությանը՝ ՀՀ-ի՝ Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունների վերաբերյալ։ Պուտինը մասնավորապես ընդգծել է Հայաստանում հնարավորինս շուտ համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։

Հայաստանի կառավարության հաղորդմամբ՝ Փաշինյանն ասել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Հայաստանի կողմից անդամակցության հարցով Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։

Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային և բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը։

«Զրույցը եղել է Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների կողմից Հայաստանի վերաբերյալ վերջերս ընդունված հայտարարության շուրջ։ Ընդգծվել է Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը՝ որոշելու, թե որ ուղղությամբ է ցանկանում գնալ Հայաստանը», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Մոսկվան մինչ օրս չի շնորհավորել Փաշինյանին կամ ՔՊ-ին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գյուղմթերք արտահանողները նվազեցրել են հարկերը, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ կրկնապատկել«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է հայկական կաթնամթերքի մուտքը ՌԴ. ՍԱՏՄ-ն հակադարձում է՝ այն անվտանգ էՍԱՏՄ-ը հերքում է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումները