Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հարվածել է Եմենում հութիների դիրքերին

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարում է, որ հարվածներ է հասցրել Եմենի Հոդեյդայում գտնվող հութիների թիրախներին, հայտնում է Reuters-ը:

«Ալ Մասիրա» հեռուստաընկերությունը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան հարվածել է Հոդեյդայում գտնվող պետական հեռահաղորդակցության կորպորացիային պատկանող օբյեկտներին։ Հեռարձակողը նաև հայտնել է, որ սաուդյան ուժերը թիրախավորել են Կամարան կղզին։

Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ Թուրքի ալ-Մալքին հայտարարել է, որ Հոդեյդա նավահանգիստը թիրախ չի եղել։ Հայտարարության մեջ նշվում է, որ կշարունակեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Սաուդյան Արաբիայի շահերը պաշտպանելու համար և կպատասխանեն «անզիջում», եթե հութիները շարունակեն, իրենց ձևակերպմամբ, «թշնամական գործողությունները»։

Եմենի հութիների կողմից ղեկավարվող արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցանկացած զարգացման համար պատասխանատու է Սաուդյան Արաբիան:

Եմենի իրանամետ հութիները հուլիսի 23-ին հայտարարել էին, որ Կարմիր ծովում հարվածել են Սաուդյան Արաբիայից նավթ տեղափոխող երկու նավի։ Նրանց պնդմամբ՝ գործողությունն իրականացվել է Սաուդյան Արաբիայի դեմ հայտարարված ծովային շրջափակման շրջանակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հութիները հայտարարել են Կարմիր ծովում երկու սաուդյան նավթատար խոցելու մասին