Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարել է, որ Ռուբեն Վարդանյանի գործով հուլիսի 19-ին պաշտոնական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և այնտեղ կներկայացնի նրա շահերը։

Սահակյանի խոսքով՝ գանգատում ներկայացված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ութ հոդվածների խախտումներ՝ համապատասխան իրավական և փաստական հիմնավորումներով։

Սահակյանը դեռ օրեր առաջ էր հայտնել, որ պաշտպանական կողմին վերջապես հաջողվել է ստանալ Վարդանյանի դատավճիռը, որն անհրաժեշտ էր ՄԻԵԴ դիմելու համար։ Նրա խոսքով՝ մինչև այդ ադրբեջանական կողմը չէր տրամադրում դատավճիռը, ինչի հետևանքով հնարավոր չէր սկսել Եվրոպական դատարանում վարույթը։

Բաքվի ռազմական դատարանը 2026 թվականի փետրվարի 17-ին Վարդանյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Ըստ Սահակյանի՝ դատավճռով նա մեղավոր է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա, սակայն մեղավորությունը չի հիմնավորվել փաստերով կամ ապացույցներով։

Իրավապաշտպանը նաև նշել է, որ Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը՝ այն համարելով կանխորոշված, իսկ Ադրբեջանի ներպետական իրավական պաշտպանության միջոցները՝ անարդյունավետ, ուստի որոշել է իր իրավունքների պաշտպանությունը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով։

Ադրբեջանի բանտերում պահվող15 հայ գերիների դատավճիռները Բաքուն հրաժարվում է տրամադրել:

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակումից հետո կատարյալ մեկուսացման մեջ հայտնված Հայաստանի քաղաքացիները արդեն 8 ամիս է՝ զրկված են նաև իրենց դատավճիռներին ծանոթանալու հնարավորությունից: Այսինքն, ադրբեջանական արդարադատությունը մերժում է տեղեկացնել, թե կոնկրետ ինչ գործողություններ են վերագրվել Հայաստանի քաղաքացիներին և ինչ ապացույցների հիման վրա:

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել էր, որ դատավճիռները չտրամադրելով Բաքուն փորձում է խոչընդոտել միջազգային բողոքներ ներկայացնելու գործընթացին. ՄԻԵԴ դիմելու համար անհրաժեշտ է ունենալ դատավճիռները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուբեն Վարդանյանի գործով իրավապաշտպանը կդիմի Եվրոպական դատարան. 15 գերիների դատավճիռները Բաքուն մերժում է տրամադրել