Լիբանանի նախագահը Սպիտակ տանը Թրամփին կներկայացնի «Հեզբոլա»-ի զինաթափման ծրագիրը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը Վաշինգտոնում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նրան ներկայացնելու «Հեզբոլա»-ի զինաթափման և Իսրայելի զորքերի՝ Լիբանանի հարավից դուրսբերման ծրագիրը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Աունը նաև կխնդրի Թրամփին ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ իրականացնելու հունիսի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունը, որը նախատեսում է «Հեզբոլլահի» զինաթափում, իսրայելական զորքերի փուլային դուրսբերում և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման սկիզբ։

Աունը Լիբանանի առաջին նախագահն է շուրջ 20 տարվա ընթացքում, ով այցելում է Սպիտակ տուն։ Մինչ Թրամփի հետ հանդիպումը նա բանակցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Իշխանության գալուց հետո Աունը հայտարարել էր, որ զենքի կիրառման բացառիկ իրավունքը պետք է պատկանի պետությանը։ Նրա նախագահության ընթացքում Լիբանանի իշխանությունները փորձել են առաջ տանել «Հեզբոլա»-ի զինաթափման գործընթացը, սակայն շարժումը կտրականապես դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։

Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ մարտի 2-ին, երբ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ն հարձակվեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության: «Հեզբոլա»-ի հարձակումը հանգեցրեց Իսրայելի ցամաքային և օդային նոր հարձակմանը։