Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որ 23 տարի դասախոսում էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ռեկտորի ստորագրությամբ ծանուցում է ստացել՝ սեպտեմբերից էլ չի աշխատելու:
«Ես համարում եմ, որ սա իմ իրավապաշտպան գործունեության արդյունքն է», - ասաց Մելիքյանը:
Փաստաբան Մելիքյանը համալսարանում աշխատում էր 0,25 դրույքով: Նա ակտիվորեն պաշտպանում է ընդդիմադիր գործիչների շահերը, քննադատում գործող իշխանությանը: Մելիքյանը պնդում է՝ ռեկտորատի «սև ցուցակում» է հայտնվել քաղաքական նկատառումներով:
Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Մելիքյանը Փաշինյանի իշխանությանը քննադատել է հենց սկզբից, ընդդիմադիր հայացքները չի թաքցրել: Ինչո՞ւ ութ տարի անց որոշեցին համալսարանից դուրս թողնել. «Հիմա տեսնում ենք, թե քաղբանտարկյալների հարցով ինչ խայտառակ վիճակ է, բանականաբար, դա պետք նաև այլ տեսակի քաղաքական մանր-մունր կծմծոցների, հետապնդումների... այս ամենի վրա պետք է նույնպես տարածվեր»:
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ համալսարանից միայն նշել են, որ պայմանագրի ժամկետը լրանում է և վերջ: Իր մասնագիտական որակներից ոչ մի դժգոհություն: Ճի՞շտ է Մելիքյանի պնդումը, որ իր գործունեության պատճառով են պայմանագիրը դադարեցնում, նամակով դիմեցինք Հովհաննես Հովհաննիսյանին, որ ռեկտորի պաշտոնին է հասել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից: Ռեկտորը չպատասխանեց մեր հարցին, նախ հորդորեց խոսնակին դիմել, որն ասաց՝ երկրում չէ, հետո էլ խոստացավ պարզաբանել, եթե գրավոր դիմենք:
Երկու օր է՝ Մելիքյանն այս մասին հայտարարում է, բայց Պետական համալսարանից արձագանք չկա:
Պայմանագրերը դադարեցնելու մասին ծանուցել են նաև ընդդիմադիր հայացքներով դասախոսներ Շուշան Վարդանյանին ու Ալեն Ղևոնդյանին, ասաց Մելիքյանը: Քաղաքագետ Ղևոնդյանը կալանավորված է, իսկ Շուշան Վարդանյանի հետ, որ գրել է՝ 23 տարի դասախոսել է մայր բուհում, այսօր խոսել չհաջողվեց:
Որ ընդդիմադիր հայացքներով դասախոսների հետ աշխատանքը դադարեցնելու ծանուցումները քաղաքական հաշվեհարդար են, վկայում է Փաշինյանի իշխանության գործելաոճը, ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:
Պետական համալսարանի ռեկտորը նախընտրական քարոզարշավի փուլում իր ֆեյսբուքյան էջով տարածել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հակաքարոզչական տեսանյութը: Պապիկյանը Պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
«Բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո, բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը խոստանում էր բուհերը քաղաքականությունից հեռու պահել, բայց ճիշտ հակառակն են արել: Նրա պաշտոնավարման տարիներին էլ նույնն է՝ ինչպես նախկինում, պնդում է իրավապաշտպան Հարությունյանը:
Մայր բուհում որոշել են լուծարել նաև արտասահմանյան գրականության ամբիոնը, որ ղեկավարում էր ընդդիմադիր հայացքներով Անուշ Սեդրակյանը: Նա «Ազատությանը» պատմել էր, որ ամբիոնը փակելուն նպաստել է նաև իր հակաիշխանական դիրքորոշումը, բուհից հերքել էի քաղաքական մոտիվը:
Երեք տարի առաջ էլ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանին հրաժեշտ տվեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Դաշնակցական Գալստյանը, որ նույնպես դասախոսում էր 0,25 դրույքով՝ 38 հազար դրամով ու պնդում էր՝ քաղաքական վրեժխնդրություն է:
Բրյուսովում 2023-ին պաշտոնից հեռացրել էին նաև պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին, որ բարձրաձայնում էր՝ ռեկտորի թափուր պաշտոնում Դավիթ Գյուրջինյանին խախտումներով նշանակելու մասին: Ցոլակ Ակոպյանին ազատեցին՝ հիմնավորելով, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին: Նախկին պրոռեկտորը բողոքարկեց այդ որոշումն ու շահեց բոլոր ատյաններում: Դատարանը անվավեր է համարել հեռացնելու հրամանն ու Ցոլակյանը բուհի բյուջեից որպես փոխհատուցում ստացել է 11 միլիոն դրամ: