Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չի վերցնելու մանդատը։ Նա այդ որոշումը հաստատեց լրագրողների հետ ճեպազրույցում. - «Վարչապետի հետ հարցը քննարկել եմ, չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով»:
Սիմոնյանը հավակնում էր նաև նոր խորհրդարանի խոսնակի պաշտոնին, սակայն օրերս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հաստատեց ոչ թե նրա, այլ ԱԺ-ի ներկայիս փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունը։
Առայժմ պարզ չէ, թե ինչով է զբաղվելու 46-ամյա Սիմոնյանն առաջիկայում։ Նա այսօր հերքեց տեղեկություններն այն մասին, թե իրեն առաջարկվել է երկրի նախագահի պաշտոնը։ Ասաց՝ դա անհեթեթություն է: Միաժամանակ վստահեցրեց, որ կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունի և շարունակելու է պաշտպանել իր թիմին։
«Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, կապրենք՝ կտեսնեք», - ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այս փուլում ուզում է «մի քիչ հանգստանալ»:
Ամեն դեպքում Սիմոնյանն այսօր վստահեցրեց, թե «քաղաքականության դուռը չի փակում»։
«Քննարկում տեղի չի ունեցել, ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ՝ չէի առաջադրվի»
Ինչո՞ւ իշխող ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու վարչության անդամները ի վերջո որոշեցին փոխել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին Ռուբեն Ռուբինյանով։
Արդյոք այս հարցի պատասխանը խորհրդարանի հեռացող նախագահը ստացել է թիմակիցներից։ Դատելով Ալեն Սիմոնյանի՝ «Ազատության» հարցին տված պատասխանից՝ Փաշինյանը որևէ բացատրություն չի հնչեցրել։
«Չեմ կարող ասել, որովհետև նման քննարկում տեղի չի ունեցել, ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի», ասաց Ալեն Սիմոնյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Շոյված եմ արդյունքից». ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըԱլեն Սիմոնյանն այսօր ավելի վաղ հրաժեշտ է տվել ԱԺ-ի բոլոր վարչությունների և բաժինների բոլոր աշխատակիցներին՝ անձամբ շնորհակալություն հայտնելով նրանց։