ԵՄ-ն մտադիր է «ազատականացնել հայաստանյան արտահանումների 80 տոկոսը»

Եվրամիությունը մտադիր է ազատականացնել հայաստանյան արտահանումների 80 տոկոսը, այսօր Երևանում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Մենք այսպես կոչված Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) առաջարկ են ներկայացնում: Սա նշանակում է, որ կազատականացվեն արտահանումների մոտ 80 տոկոսը դեպի Եվրամիություն։ Սա նշանակում է՝ ձեր առևտրի 80 տոկոսը մեզ հետ այժմ սակագների ենթակա չի լինի», - հայտարարեց եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:

Թե Եվրամիությունը երբ կսահմանի Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը չհստակեցրեց: Առևտրի ինքնավար միջոցառումների շրջանակում հայկական ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի և քվոտաների։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց այս նախագծի համար: Ասաց՝ երբ այդ որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, Հայաստանը կդառնա Եվրամության անդամության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում Բրյուսելը կկիրառի այս գործիքը:

«Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն մեկնարկել է»,- ասաց Հայաստանի ղեկավարը:

Ավելի ուշ՝ կառավարության նիստի ընթացքում վարչապետն ասաց, որ «քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը կարող ենք արձանագրել, որ լուծված է, մնում է պրակտիկ մակարդակում մենք կարողանանք լուծել: Դա արդեն մեր աշխատանքն է»:

«Երբ Հայաստանը մերձենում է Եվրամիությանը, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում». Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահը Երևան է ժամանել մի շրջանում, երբ Ռուսաստանը առևտրային սահմանափակումներ է կիրառել ԵԱՏՄ-ում իր գործընկեր Հայաստանի նկատմամբ՝ անթաքույց դժգոհելով Հայաստանի եվրոպական մերձեցումից:

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ճեպազրույցի սկզբում հայտարարեց, թե այստեղ է՝ «ասելու, որ Հայաստանը կարող է հույս դնել Եվրամիության վրա». - «Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական միությանը, Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում»:

Անդրադառնալով Հայաստանում տնտեսական իրավիճակին՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահն ասաց. - «Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնությանը մոտ ճնշման: Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնեց՝ շուտով լրացուցիչ 18 միլիոն եվրո կտրամադրվի Հայաստանին՝ «օգնելու ամրացնել առևտուրը»։

«Ֆինանսավորումը կարող է օգնել ստեղծել, օրինակ, արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որ մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին», - ասաց նա:

Հունիսի սկզբին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել էր, որ ռուսական սահմանափակումներին դիմակայելու համար Հայաստանին աջակցության փաթեթ են մշակում՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով:

Խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծելու Հայաստանի և Ռուսաստանի միջև. Փաշինյան

Հայաստանն ու Եվրամիությունը մոտ են իրար առավել, քան երբևէ, այսօրվա համատեղ ասուլիսում դարձյալ վստահեցրեց Փաշինյանը. - «Այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական, տնտեսական կիրառում»:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Լայենի հետ հանդիպմանը քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ ԵՄ աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը:

Փաշինյանը բացառեց, որ կրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից ու որոշում կայացրեց ԵԱՏՄ-ի կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ:

«Դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը», - ասաց վարչապետը:

Միաժամանակ վստահեցրեց, որ իր կառավարությունը «երբեք խնդիր չի դրել և չի դնելու՝ ճգնաժամ ստեղծելու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում»:

«Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում, բնականաբար, մեր ոչ մի միջազգային գործընկերոջ շահերը չենք արհամարհում, մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետությունը», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

50 միլիոն եվրո ԵՄ-ից՝ ՀՀ-ին. ինչ փաթեթ է առաջարկում Բրյուսելը