Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ժամանել է Հայաստան: Նրան «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հանդիպումը: Հանդիպումից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։
Հայաստան ժամանելու կապակցությամբ Լայենը գրառում է կատարել X-ի իր էջում՝ նշելով. «Շատ ուրախ եմ այսքան շուտ կրկին Երևանում լինելու համար»։
Անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին՝ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ դրանք «ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը»: «Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների ուղուն և ավելի է մոտենում Եվրոպային: Այսպիսով՝ ես այստեղ եմ մի պարզ ուղերձով՝ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։
Գրառումը նա հայերեն է ամփոփել․ «Մենք ձեզ հետ ենք»։
Լայենը Հայաստան է ժամանում Բաքվից, որտեղ հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Եվրամիությունը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին:
Նա ասել է, որ Եվրոպական միությունը մոտ 200 միլիոն եվրո ֆինանսավորում կտրամադրի Հարավային Կովկասում տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապերի խթանման համար: Լայենը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը աջակցելու համար՝ ամրապնդելով տարածաշրջանային կապը և տեղական համայնքներին նպատակային օգնություն տրամադրելով։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում էր նաև մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: