Վեցերորդ օրն է, ինչ Սահմանադրական դատարանը քննում է յոթ քաղաքական ուժերի դիմումները, որոնցով պահանջվում է անվավեր ճանաչել հունիսի 7-ի քվեարկության արդյունքները։ Այսօր կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ փաստաբան Հովհաննես Խուդոյանի նախօրեի դիտարկմանը, հերքեց, թե ընտրողների թվի տարբերություն կա։
Երեկ Խուդոյանը հայտարարել էր, որ ստորագրված մատյանները ԿԸՀ-ի հրապարակած մասնակցության տվյալների հետ համադրելուց հետո սկզբում շուրջ 27 հազար ստորագրության տարբերություն են հայտնաբերել։
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ի պարզաբանումից հետո, ըստ որի՝ տարբերության մի մասը վերաբերում է գաղտնի ցուցակով քվեարկած զինծառայողներին և կալանավայրերում գտնվողներին, դեռ 4-5 հազար ընտրողի անհամապատասխանություն է մնացել։ Խուդոյանը չէր բացառել, որ դրա պատճառը կարող է լինել քվեաթերթիկների հնարավոր լցոնումը կամ ընտրական գործընթացի վերահսկման թերությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
«Գուցե լցոնումնե՞ր են եղել». կասկածներ ընտրողների թվերի շուրջԿողմերը եզրափակիչ ելույթներով են հանդես գալիս
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն իր եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ տեսանք, թե ինչպես է հնարավոր հարցերին չպատասխանել։ Այս ընտրությունները չեն եղել ազատ և հավասար։ «Մենք հիմնավորեցինք, որ ընտրական գործընթացում վարչական ռեսուրսի չարաշահումն անասելի է եղել և լիազոր մարմինն ունեցել է անկախության դեֆիցիտ»,- ասաց Վարդևանյանը:
«Արդյո՞ք մենք կարող էինք փետրվարի յոթից հետո, օրինակ, նպաստները բարձրացնել։ Թե՞ դրա մենաշնորհը միայն մեկ կուսակցությանն էր պատկանում: Պատասխանը մեկն է՝ այն պատկանել է միայն «Քաղաքացիական պայմանագրին»: Ինչո՞ւ այդ նույն կուսակցության առաջնորդը դեկտեմբերին հայտարարում էր, որ թոշակները բարձրացնելու կարիք չկա: Այդ 10000 դրամը էական ազդեցություն թողնում է ընտրողների կամքի վրա, այո, դա փաստացի ընտրակաշառք է»,- իր ելույթում ասաց Արամ Վարդևանյանը՝ ընգծելով, որ Բարձր դատարանին են ներկայացրել սոցիոլոգիական հաշվետվություն, ըստ որի, Վարդևանյանի պնդմամբ՝ «մեր հայրենակիցների ստվար զանգվածը նշվախ ռեֆորմը ընկալել է հենց «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Այդպես չպետք է լիներ, որովհետև Հայաստանում ընտրությունները պետք է լինեին հավասարության պայմաններում»:
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչն անդրադառնալով նաև Հակակոռուպցիոն կոմիտեին նշելով՝ ինչո՞ւ պետք է կոմիտեն ներքաշվեր քաղաքական գործընթացների մեջ. «Ձայնագրություններում կար միջամտություն քաղաքական գործունեությանը»,- ասաց Վարդևանյանը՝ շեշտելով, թե ինչո՞ւ նույն այս իրավապահ կառույցը չհայտարարեց այն մասին, որ իրենց հարուցված վարույթների մի մասի դեպքում դատարանները չէին հաստատել հիմնավոր կասկածը, որ մեղադրյալները կատարել են այդ արարքը։
«Ընտրախախտումները եղել են զանգվածային, համակարգային և բավարար են, որ Սահմանադրական դատարանը պատասխանողի ընդունած որոշումը ճանաչի անվավեր», իր ելույթը եզրափակեց Արամ Վարդևանյանը։
«Միասնության թևերի» ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն իր եզրափակիչ ելույթում նշեց, որ ընտրությունները չեն եղել ազատ և հավասար, «ընտրողների կամքի վրա եղել է ապօրինի ազդեցություն»։
Քաղաքական ուժերը պետք է ունենան հավասար հնարավորություններ, բայց այդպես չի եղել, ասաց Դրմեյանը, օրինակ բերելով.- «Նարնջագույն սրտիկներով կապույտ մեքենաները, այդ տեսքով չպետք է շահագործվեին քարոզարշավի ընթացքում: Ամբողջ քարոզարշավի ընթացքում դրանք շրջել են Երևանում և տարբեր համայնքներում, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ պարեկների ուղեկցությամբ: Մեր հարցմանը, թե տուգանվել են այդ մեքենաները, ոստիկանությունը նախընտրական քարոզարշավի նախավերջին օրը պատասխանել է, որ դա անձնական տվյալ է և չի կարող նման տեղեկություն տրամադրել: Ի հակադրումն սրա՝ մեր ուժի կողմից օգտագործվող տրանսպորտային միջոցները վարողների նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվություն քարոզարշավի ժամանակ՝ կանոնների խախտման՝ պաստառապատում իրականացնելու և այդպես վարելու համար»:
Քանի՞ խախտում պետք է լիներ, որպեսզի ազդեցություն ունենար արդյունքների վրա, հարցրեց «Միասնության թևերի» ներկայացուցիչը՝ շարունակելով.- «Կա՞ այս դահլիճում մեկը, որ թիվ կարող է հնչեցնել, թե քանի խախտման դեպքում մենք կունենանք ազդեցություն արդյունքների վրա։ Չկա և չի կարող լինել: Ընտրությունները չեն անցել հավասարության և ազատության պայմաններում։ Մեզ համար պարզ է դարձել մեկ բան, եթե ցանկանում ես հաղթել, ապա պետք է անես այն բոլոր քայլերը, որոնք արգելված են ընտրական օրենսգրքով»,- հայտարարեց Դրմեյանը և հորդորեց որոշում կայացնել հանուն Հայաստանի։
ԴՕԿ ներկայացուցիչ Տարոն Բաղդասարյանն էլ իր եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ «խախտումները եղել են զանգվածային, կազմակերպված, համակարգային, ինչի հետևանքով հնարավոր չի եղել պարզել ընտրության պատկերը։ ԿԸՀ-ն պետք է պարզեր այս խախտումների կապը ուժերի հետ և կիրառեր միջոցներ»։
«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանն ասաց՝ հարյուրավոր քրեական վարույթների, քրեական հետապնդումների ամբողջությունը չի կարող զրկվել սահմանադրական նշանակությունից. «ՍԴ-ն գնահատելով ընտրությունների սահմանադրականությունը՝ չի կարող անտեսել այն փաստը, որ հենց պետության քրեական արդարադատության համակարգն է արձանագրել ընտրական գործընթացի նկատմամբ նման ծավալի միջամտության անհրաժեշտություն»,- հայտարարեց Մարտիրոսյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանն իր ելույթում նշեց.- «ԿԸՀ-ն առհասարակ չպետք է թույլատրեր ՔՊ-ի մասնակցությունը ընտրություններին։ Այս ուժը գերազանցել է իր նախընտրական ծախսերը»։
««Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներն այստեղ տխուր փորձեր են անում՝ արդարացնելու իրենց առաջնորդի ատելության խոսքը», - ասաց դաշինքի ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանն ու հավելեց՝ «այդ արտահայտությունները, անկախ նրանից, թե ում են ուղղված, անընդունելի են»:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ իր եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ «սա ընտրություն չէր». «Մենք շարունակում ենք պնդել, որ խախտումները եղել են համակարգված, զանգվածային՝ ուղղորդված իշխանության կողմից, և այս ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմության անհրաժեշտ մակարդակի բավարարում, լեգիտումության դեֆիցիտը թույլ չի տալու այս իշխանությանը և հանրությանը հանգիստ մնալու»,- ելույթը եզրափակեց Մինասյանը:
ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտարարեց՝ ՍԴ-ն պետք է անվավեր ճանաչի ընտրությունն ու սահմանի մանդատների բաշխման կարգ։ Օրբելյանը հիշեցրեց քվեարկության ավարտից հետո ԲՀԿ շուրջ ծավալված իրադարձությունները։
«Հաշվված են եղել թվերը ճիշտ, դրանք սխալ են փոխանցվել։ Հունիսի 9-ին ԲՀԿ-ն դիմում է ԿԸՀ, խնդրում այդ չորս տեղամասերում ճշգրտել թվերը, այդ պահին ԿԸՀ-ն գիտեր, որ ԲՀԿ-ն հաղթահարում է շեմը։ 58500 քաղաքացի գնացել ու ձայն են տվել ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն բարձրացրել է ծանրաձողը։ Պետությունը չի ապահովել քաղաքացիների պատշաճ քվեարկությունը։ Անվավեր ճանաչված ընտրատեղամասերից մեկը ՀՀ 2005 ընտրատեղամասերից 17-րդն է չափով, և վերաքվեարկություն չնշանակելով՝ խախտել է ոչ միայն ԲՀԿ-ի, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքները»,- հայտարարեց Արամ Օրբելյանը:
Գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը եզրափակիչ ելույթում ընդգծեց, որ դատախազությունը քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը գործել է բացառապես իր լիազորությունների շրջանակում, կատարել է օրենքով սահմանված իր պարտավորությունները։ Ըստ Գրիգորյանի՝ դիմումատուները տպավորություն ստեղծեցին, թե դատախազությունը տարբերակված մոտեցում է դրսևորել, մինչդեռ դա այդպես չէ:
«Բավարարվեմ արձանագրելով, որ լսումների ընթացքում դիմողների կողմից բարձրացված մտահոգությունները ավելի քան փարատված են, որի մասին վկայում են յուրաքանչյուր հաղորդմամբ ներկայացված առկա քրեական վարույթները, դրանց շրջանակներում իրականացվող լայնածավալ քննությունը կամ հնարավոր ու իրավաչափ վարույթային ակտերը», - ասաց Գրիգորյանը:
ՆԳՆ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն էլ ընդգծեց՝ մեկ անձ մեկ հաշվառում սկզբունքով են գործել ընտրական շրջանում և բացառեց նույն անձին տարբեր տեղերում հաշվառման կասկածները։
«Ընտրատեղամասի փոփոխության դիմումների մասով. ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ըստ գտնվելու վայրի ընտրողների ցուցակներում ընդգրկվելու դիմումներից բավարարել է շուրջ 22 հազարը, մերժվել է 7000-ը, քանի որ պահպանված չեն եղել օրենսդրությամբ սահմանված պահանջները: Ընտրողների ցուցակներում, այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար ներկայացվել է 294 հայց, որոնցից միայն 2-ն է բավարարվել նույնիսկ դիմումները մերժվելու պարագայում, ընտրողները շարունակել են մնալ ընտրողների հիմնական ցուցակներում, որի պարագայում նրանց ընտրելու իրավունքը շարունակել է մնալ երաշխավորված», - ասաց Ղազարյանը:
Ղազարյանը խոսեց նաև անձերի նույնականացման խնդիրներից։ Ասաց՝ դրանք կրել են բացառապես տեխնիկական բնույթ։ Նա հայտարարեց, որ վերջին ընտրությունների ընթացքում արձանագրված 79 հազար 215 դեպքերն ամենաքիչն են Հայաստանում ընտրությունների կազմակերպման պատմության ողջ ընթացքում:
«Դիմող կողմի ներկայացուցիչը հարց բարձրացրեց՝ այս ցուցանիշը կարող էր լինել ավելի ցածր, և արդյոք այդ ցուցանիշին չհասնելը կարող է բացատրվել քաղաքական կամքի բացակայությամբ: Ես կցանկանայի բացատրել, որ այդ կամքը դրսևորվել է մի ամբողջական մասշտաբային ռոֆորմի նախաձեռնությամբ, այն է՝ կենսաչափական համակարգի ներդրմամբ, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի ռեֆորմի մեկնարկով», - ընդգծեց նա:
ՆԳՆ-ն քարոզարշավի ընթացքում և ընտրությունների օրը պատշաճ կատարել է իր լիազորությունները, ասաց ՆԳՆ տեղակալը։
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ասատրյանն իր ելույթում ընդգծեց՝ կոմիտեն իր գործողություններով չի միջամտել ընտրական գործընթացներին, աշխատել է ծանրաբեռնված։
Կոմիտեի հրապարակած հաղորդագրություններն ունեցել են կանխարգելիչ նշանակություն, և առարկայազուրկ է ընտրողների վրա ենթադրյալ ապօրինի ազդեցության մասին պնդումները, ասաց Ասատրյանը պնդելով՝ դիմումատուների կողմից չներկայացրեցին գեթ մեկ տվյալ հակառակի մասին:
«Ձայնագրությունների տեխնիկական մշակումն արվել է միայն նրա համար, որպեսզի առանձնացվեն գործի համար իրավական նշանակություն ունեցող հատվածները: Ձայնագրությունների ամբողջական ծավալները պարունակել են մեծածավալ անձնական ու գործին չվերաբերվող գործողություններ, ուստի դրանք ամբողջությամբ չեն հրապարակվել», - ներկայացրեց Արմեն Ասատրյանը՝ հայտարարելով, որ իրավական նշանակություն ունեցող հատվածների առանձնացումը չի վկայում ձայնագրությունների կեղծման մասին:
Կոմիտեի վերաբերյալ դիմումատուների պնդումները, ըստ նրա սուբյեկտիվ են:
Ասատրյանը պնդեց՝ ոչ միայն ՔՊ-ի դեմ վարույթներ չեն հարուցել, ինչպես նշում են ընդդիմադիրները, այլ նաև մյուս 10 ուժերի նկատմամբ։
Հակակոռուպցիոնի ներկայացուցիչն ընդգծեց՝ ընտրակաշառքի դեպքերը կրել են համատարած բնույթ, արձանագրվել են բոլոր մարզերում, և սա իրավական հետևություն է։ Եթե կոմիտեն նպատակային ու հետևողական միջոցներ չձեռնարկեր, ըստ նրա, ապա այդ համակարգային երևույթի իրական ծավալները կարող էին լինել ավելի մեծ։
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Սրբուհի Գալյանն իր եզրափակիչ ելույթում, հակադարձելով դիմումատուներին, ընդգծեց՝ նրանք չեն ներկայացրել ապացույցներ, որ խախտումներն իրականում տեղի են ունեցել, կամ այն չափով են տեղի ունեցել, որ ազդել են ընտրական արդյունքի վրա։
«Պնդում են, որ չարաշահվել է վարչական ռեսուրս, և դրա տահ հիմնականում դրվում է կառավարության բնականոն գործունեությունը։ Ի՞նչ պետք է աներ կառավարությունը, դադարեցնե՞ր իր աշխատանքը: Եթե սա է իրենց չափանիշը, ապա յուրաքանչյուր ընտրությունից առաջ, պետությունը պետք է պարզապես դադարի կառավարել երկիրը», - հայտարարեց Գալյանը:
Սրբուհի Գալյանը հերքեց, թե ՔՊ-ն կատարել է չհայտարարագրված ծախսեր:
«Դիմումատուներից որոշները փորձել են տապալել սահմանադրական կարգը, բայց այդ փորձը հաղթահարվել է հենց ժողովրդի կողմից, ուստի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան», - հայտարարեց նա:
ՔՊ ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանն էլ հայտարարեց՝ արձանագրված չի, որ ԲՀԿ-ն ծանրաձողը բարձրացրել է։
«Ես չեմ կարող պնդել, որ չի բարձրացրել, բայց կարող եմ պնդել, որ հնարավոր չէ հավաստիորեն ասել, որ բարձրացրել է, որովհետև այն տեղամասերի քվեատուփերը, որոնք անվավեր են ճանաչվել, քվեատուփը բացելու պահին, արդեն այնտեղ եղել են սահմանված կարգի խախտման հետևանք: Հենց սրա արտացոլանքն է, որ այդ տեղամասերի արդյունքներն անվավեր են ճանաչվել», - ասաց նա:
«Չի կարող այդ տեղամասերից որևէ ուժի համար քվեարկության քանակ դուրս բերել։ ԲՀԿ ն այդ տեղամասերից անվավեր ճանաչելուց հետո անգամ միևնույն է չէր հաղթահարում, պակասում էր, իմ հաշվարկով, 21 ձայն», - նշեց Սուրեն Գրիգորյանը։
Նա հայտարարեց, որ վերաքվեարկության ժամանակ ձայները փոշիանալու են. «Ընտրողի կամքը այդ դեպքում խեղաթյուրվելու է»:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն իր ելույթում ընդգծեց՝ իրենց արձանագրած թվերը կոնստանտ են, դրանք հրապարակված են կայքէջում։ Ներկայացրեց ընտրությունների կազմակերպման գործընթացը. «ԿԸՀ-ն ունի այնպիսի համակարգ, որի վրա ազդեցություն գործել հնարավոր չէ»:
«Շատ չարչրկվեց թեման, որ ԲՀԿ ձայները չորս տեղամասի հաշվարկող սխալ էին մուտք արվել: Ավելին ասեմ՝ ոչ միայն ԲՀԿ, այլ բոլոր կուսակցությունների տվյալները այդ տեղամասերում սխալ է մուտք արվել: Մուտք անողը պարզապես շփոթել է մի տող վերև ու ներքև», - նշեց ԿԸՀ քարտուղարը:
Ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը մասնակցում են ՍԴ 9 դատավորներից 7-ը:
Դիմումների վերաբերյալ որոշումը Սահմանադրական դատարանը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։ Դա օրենքով նախատեսված ժամկետ է՝ դիմումների ստանալուց հետո, մուտքագրման օրվանից հետո՝ 15-օրյա ժամկետում, իսկ դիմումները անցած ուրբաթ են մուտքագրվել: