«Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ». Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին

Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ապրիլին ասել էր, թե հունիսի երկրորդ կեսին կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հարցին՝ օգոստոսին կայանալիք ԵԱՏՄ նիստի շրջանակներո՞ւմ նախատեսվում է հանդիպում, Փաշինյանը պատասխանեց. «Այնտեղ միջկառավարական խորհրդի նիստ է և վարչապետներն են մասնակցում, նախագահները չեն մասնակցում»։

Փաշինյանը ապրիլին Պուտինի հետ բանակցություններից մեկ շաբաթ անց հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարի հետ նոր հանդիպման մասին, որն, ըստ նրա, ծրագրված էր հունիսի երկրորդ կեսին, այսինքն՝ Ազգային ժողովի ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ անց:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Նոր հանդիպում Փաշինյանի և Պուտինի միջև՝ հունիսի երկրորդ կեսին

Լրագրողների մեկ այլ հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է Ռուսաստանի վարչապետի հետ «քննարկել պատժամիջոցների հարցը», Փաշինյանն արձագանքեց. «Պատժամիջոց բառը ճիշտ չի, պատժամիջոց չկա և չի կարող լինել, այլ թեմա կա, բնականաբար կքննարկենք»։

«Ազատության» դիտարկմանը, թե սահմանափակումների արդյունքում տնտեսությունն ի՞նչ վնասներ է կրել, վարչապետն ասաց. «Տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին 11 տոկոս է եղել, և հունվար-մայիսին եղել է 8 տոկոսից ավելի։ Ընդհանրապես տնտեսության վրա միշտ էլ ինչ-որ ազդեցություններ կան, մի ճյուղը ակտիվանում է, մի ճյուղը պակասում է և էդպես շարունակ ... Այս պահի դրությամբ փաստն այն է, որ մենք ունենք 11 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»։

Հայաստանյան խորհրդարանական ընտրություններից առաջ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների մուտքն իր շուկա՝ որակական անհամապատասխանության պատճառաբանությամբ:

Ռուսական սահմանափակումներից հետո, կառավարությունն աջակցության չորս ծրագիր է առաջարկում արտահանողներին: Այն ընկերությունները, որոնք ապրանք են արտահանում կամ վերաարտահանում դեպի Եվրոպական միության երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիա կամ Կանադա՝ սուբսիդիա կստանան։

Մյուս ծրագրով՝ մինչև հուլիսի 1-ն աջակցություն կստանան պտուղ-բանջարեղեն, հանքային ջուր, շշալցված կոնյակ և գինի արտահանողները: Հաջորդ երկու ծրագրերը նախատեսված են ջերմատնային տնտեսությունների համար։ Դրանցից մեկը վերաբերում է ջերմատներում արտադրված մրգերի, բանջարեղենի և ծաղիկների արտահանմանը։ Նախատեսվում է նաև մինչև վեց ամսով երկարաձգել ջերմատնային տնտեսությունների վարկերի մարման ժամկետները։ Այս վերջին ծրագրից կարող են օգտվել նաև փոքր ջերմոցատերերը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսական սահմանափակումներից հետո ԵՄ-ն ՀՀ-ի համար առևտրային արտոնությունների փաթեթ է պատրաստում. FTՀայաստանից մատակարարումների սահմանափակումները քաղաքական չեն. «Ռոսսելխոզնադզոր»Հայ բեռնափոխադրողներն ահազանգում են՝ նոր շուկաներ հայկական արտադրանքը հասցնելու հարցում խնդիրներ ունեն